22 10 2018

Ինչո՞վ է հայտնի ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը

Ինչո՞վ է հայտնի ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը

ՀՀ նախագահը ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սա անակնկալ չէր, այդ մասին վաղուց էր խոսվում։

Վահե Գրիգոյանը 43 տարեկան է: Ավարտել է Նոթինգեմի համալսարանի մարդու իրավունքների մագիստրոսական դասընթացը, ԵՊՀ-ն՝ իրավաբանի որակավորմամբ։ Մասնակցել է լրացուցիչ կարճ դասընթացների Ժնևում, Թբիլիսիում, Բեռլինում, Վաշինգտոնում և այլուր։ Այժմ իրականացնում է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն Երևանում և Լոնդոնում։

Վահե Գրիգորյանի անունը հայտնի է մի շարք աղմկահարույց իրավական գործերում։

Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է։

Վահե Գրիգորյանը մի քանի համապետական ընտրություններից հետո հանդես է եկել ՍԴ-ում՝ 2008 թվականին՝ որպես ընտրություններում նախագահի պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, 2003-ին՝ նախագահի պարտված թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչ, 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝ պարտված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ։

Վահե Գրիգորյանի «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ն զբաղվում էր Հյուսիսային պողոտայի՝ Բյուզանդի 9,11 և 15 հասցեից վտարված բնակիչների դիմում-բողոքներով։ 2005թ․ հոկտեմբերի 7-ին կալանավորվեց՝ խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: 2006թ․ փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: 

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, 2014թ․ օգոստոսի 7-ին գերեվարվել էր։ Նրան տեսախցիկների առաջ նվաստացրել էին, իսկ մեկ օր անց հայտարարվեց «սրտանոթային անբավարարությունից հանկարծամահ» լինելու մասին։

Պետրոսյանի դին հարազատներին չվերադարձրեցին, չնայած միջազգային պահանջներին։ Գործը հանձնվեց Եվրադատարան՝ ՄԻԵԴ միջամտության և Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Վահե Գրիգորյանն ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի մեջ էր։

2018թ․ օգոստոսին մամուլը հրապարակեց, թե․ «Վահե Գրիգորյանը Փաստացի տապալել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամենահեռանկարային գործը: Կարեն Պետրոսյանի գործը կարճվել ու հանվել է քննվել գործերի ցանկից այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն (տուժողի ծնողը) այլևս չի պնդում իր բողոքը: Արտառոց հիմնավորում: Եվ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ 2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որևէ փաստաթուղթ չի ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ է հասցեագրել Կարեն Պետրոսյանի և իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին՝ պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչև հուլիսի 24-ը, և կրկին որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով մենք կորցրել ենք այդքան կարևոր, այդքան ակնառու ու այդքան միանշանակ գործ Եվրոպական դատարանում»։

Վահե Գրիգորյանը հանդես եկավ պարզաբանմամբ․ «Կարեն Պետրոսյանի գործը ոչ միայն ցուցակներից հեռացված չէ այս պահին ՄԻԵԴ-ում, այլ ավելին՝ այն քննվել է ամենայն մանրամասներով և Դատարանի կողմից թվարկած բազմաթիվ հարցերի շրջանակներում»։ Վահե Գրիգորյանը բերում է մի շարք հիմնավորչումներ՝ առ այն, որ գործն առաջ է գնում և նշում․ «Գործն այս փուլում սպասում է վճռին, քանի որ երկու հակառակորդ կողմերը և Հայաստանի կառավարությունը մեկ ամիս առաջվա դրությամբ արդեն ավարտել էին դիրքորոշումների փոխանակումը»: Հավելեց, որ գործի ուշացումը վերաբերում է միջանկյալ միջնորդության քննությանը:

Վահե Գրիգորյանի անունն ամենաշատը սկսեց շրջանառվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսման փաստի հրապարակումից սկսած։ Սեպտեմբերի 11-ին հրապարակված հեռախոսազրույցում, հիշեցնենք, ԱԱԾ տնօրենն անհրաժեշտ է համարում կալանավորել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և չկալանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուչրովին, քանի որ նա միջազգային կառույցի ղեկավար է։ Այնինչ ՀՔԾ պետն այն կարծիքին է, որ պետք է նրան էլ կալանավորել։ Եվ գործընթացը սահուն անցկացնելու համար ՀՔԾ տնօրենն ասում է, որ կդիմի փաստաբան Վահե Գրիգորյանի օգնությանը։

«Սասուն Խաչատրյան - Ընգեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան ․․․

Արթուր Վանեցյան – Ահա, ահա։

Սասուն Խաչատրյան - Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի:

Արթուր Վանեցյան - Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ:

Սասուն Խաչատրյան - Հա, Վահեն կխոսա ախպեր ջան, որպես փորձագետ, նաև ինքը Եվրոդատարանում ա ներկայացնում, չէ՞, էս գործը ․․․»։

Նույն օրը մամուլի ասուլիս հրավիրեցին ԱԱԾ և ՀՔԾ տնօրենները, և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն ասաց․ «Վահե Գրիգորյանի և իմ  տեսակետները շատ հարցերում համընկնում են ․․․ Համագործակցում ենք որպես իրավաբաններ, ես Վահե Գրիգորյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից, և այս գործի հետ կապված  մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է, բայց գործից դուրս ես նրան ճանաչում եմ որպես իրավաբան և շատ հարգում եմ, և մեր տեսակետներն էլ այս գործի հետ կապված որոշ դեպքերում համընկնում են»:

Հետո հայտարարություն տարածեց Վահե Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան էջում նշելով, որ մարտի 1-ի քրեական գործում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է: Ներկայացուցիչն է նաև ՄԻԵԴ-ում։ «Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից և ՀՔԽ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի և տուժողների իրավահաջորդների անունից: Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար․․․ Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել և համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների»:

Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի և  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկի հոկտեմբերի 23-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերում:

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ