Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 2–րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասիn հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Միջադեպը տեղի էր ունեցել ԱԺ երկու պատգամավորների, նրանց կողմնակիցների և ցուցարարների միջև։
Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, համաձայն որի՝ պատգամավորներ Միհրան Պողոսյանին և Արայիկ Գրիգորյանին ուղեկցող անձինք Ազգային ժողովից դուրս գալիս տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր և հավաքի մասնակիցների հասցեին։ Պատգամավորները, սակայն, հայտարարությամբ հերքեցին ցուցարարներին քաշքշելու միջադեպը։
Ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունն ու գտնվելու վայրերը։ Հոկտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ոստիկանապետը հայտնել էր, որ ցույցից ժամեր անց բերման է ենթարկվել 5 անձ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը