25 09 2018

Ադրբեջանում հայատյացությունը համակարգային բնույթ է կրում․ Ռուբեն Մելիքյան

Ադրբեջանում հայատյացությունը համակարգային բնույթ է կրում․ Ռուբեն Մելիքյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը։  Զեկույցի պատրաստմանը մասնակցել են Անժելա Էլիբեգովան, Եղիշե Կիրակոսյանը, Լևոն Գևորգյանը։ Զեկույցը պատրաստվել է «Թուֆենկյան» հիմնադրամի աջակցությամբ։ Այն անգլերենով է, հիմնականում հասցեագրված է միջազգային հանրությանը։ Դեռ հայտնի չէ՝ կթարգմանվի արդյոք այլ լեզուներով, թե ոչ։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ կարևոր կլիներ այն թարգմանել նաև ռուսերեն։

Զեկույցը ներկայացնելիս օմբուդսմենը նշեց, որ զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են բաց աղբյուրներից, լրատվամիջոցներից վերցված փաստերը։  Զեկույցը 3 ուղերձ է պարունակում։

1․ Հայ հանրությունը, որքան էլ զարմանալի թվա, ամբողջությամբ ծանոթ չէ Ադրբեջանում հայատյացության մակարդակին։ «Երբեմն մոռանում ենք, որ դա կազմակերպված բնույթ է կրում։ Սակայն, կազմակերպված ատելությունը զուտ ատելության մակարդակում չի մնում և շատ ծանր հետևանքներ է ունենում։ Անձամբ ինձ շատ զարմացրել է ատելության նման դրսևորումները»։  

2․ Երկրորդ ուղերձը միջազգային հանրությանն է հասցեագրված. «Մենք պետք է միջազգային հանրությանն համար հնարավորինս հասկանալի լեզվով հրամցնենք այդ օբյեկտիվ տեղեկատվությունը, որ առկա է։ Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները կնպաստեն զեկույցի տարածմանը միջազգային իրավապաշտպան հանրության շրջանակներում»։  

3․ Երրորդ ուղերձն ուղղված է հայաստանյան ու արցախյան հանրությանը. «Այս փաստերը տեսնելով՝ մենք պետք է հասկանանք, որ դա սկզբունքային սխալ է, որը մենք պետք է թույլ չտանք նմանվել Ադրբեջանին։ Դա անընդունելի է։ Չի կարելի թունավորվել ատելությամբ»։

«Այս զեկույցը յուրահատուկ է նրանով, որ այստեղ հայատյացության օրինակները ներկայացվում են իրավական համատեքստում: Սա բացառապես մարդու իրավունքներին վերաբերող խնդիր է, մենք իրավական գնահատականներ ենք ներկայացրել՝ անդրադառնալով հարցերին միջազգային իրավունքի, կոնվենցիաների, նախադեպերի տեսանկյունից:Մեր գլխավոր նպատակը միջազգային հանրությանը Ադրբեջանում հայատյացության խնդիրները ներկայացնելն է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց՝ փաստերը վկայում են, որ Ադրբեջանում հայատյացությունը կազմակերպված է, այն մեկօրյա, մեկամսյա դրսևորում չի ունենանում, այլ շարունակական է: «Լինում են շրջաններ, որ այդ խնդիրը սրվում է, լինում է, որ նվազում է, սակայն այն մնայուն կերպով կազմակերպված իրականացվում է»,- նշեց Րաֆֆի Դուդակլյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ