Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է ինչպես տեղեկատվության ազատության իրավունքը, այնպես էլ՝ արդարադատության շահն ու վարույթի մասնակիցների իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները՝ երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 6 տարբեր հասցեներում, որոնցից մեկը եղել է նաև «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունը, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և քննչական-օպերատիվ խումբը, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա, իրականացրել է նախատեսված խուզարկությունները, որոնց վերաբերյալ մամուլում հնչել են տարաբնույթ մեկնաբանություններ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև` առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու, ինչպես նաև` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը: Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը, կարևորում դրա իրացումն ապահովող անհրաժեշտ կառուցակարգերի պահպանումը և իր գործողություններով որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն, որպիսի պայմաններում առնվազն տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։ ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածն ամրագրում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը։
2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը, ինչպես պարզվեց, իրականացվել է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածն ամրագրում է, որ քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը:
Գործելով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակներում՝ նախաքննական մարմինը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե ով և ինչ եղանակով է կատարել երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրառումը, ինչպես և ով է այն տարածել, ինչպես նաև՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։ Ձայնագրությունը «www.youtube.com» ինտերնետային հարթակում տեղադրվել է սեպտեմբերի 5-ին, որը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում լայն տարածում է ստացել օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։ Սակայն, Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա։
«Yerevan.Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խուզարկության ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածը Google որոնողական համակարգի սխալի արդյունք է, ինչի ուղղությամբ ևս քննություն է տարվում։ Նախաքննական մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ հանցագործության բացահայտման համար նշանակություն ունեցող ցանկացած տեղեկատվություն ստուգելու ուղղությամբ, հետևապես տեսանյութը, ըստ Google որոնողական համակարգի, «Yerevan.Today» կայքում երկու օր առաջ տեղադրված լինելու հանգամանքը ենթակա է ճշտման՝ քրեական գործի քննության շրջանակներում համապատասխան դատավարական գործողությունների միջոցով։ Այդ նպատակով խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության կրիչ ու նշանակվել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն: Փորձաքննության եզրակացության արդյունքներն անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն, եթե դրանով չխախտվի օրենքով պաշտպանվող գաղտնիքը կամ այլ անձանց իրավունքները և չառարկվի խմբագրության կողմից։ Կարծում ենք, որ կայքի խմբագիրը ևս պետք է շահագրգիռ լինի նշված հանգամանքի՝ օրենքով սահմանված կարգով պարզաբանման համար, մինչդեռ շտապել է ոչ իրավական ու էթիկայից դուրս գնահատականներ տալ նախաքննական մարմնի՝ սահմանադրական իր գործառույթների իրականացմանը՝ աղավաղելով փաստական հանգամանքները։
Այսպես՝ – «Yerevan.Today» կայքի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ դատարանի որոշմամբ և ոչ թե՝ համացանցում տարածված տեղեկատվության հիման վրա, ինչպես ներկայացնում է խմբագիրը:
– Խուզարկությանը մասնակցել են կայքի գլխավոր խմբագիր Ս.Հակոբյանը և վերջինիս կողմից հրավիրված երկու փաստաբաններ:
– Անհիմն ու մտացածին է խմբագրի այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված են լրագրողական գործունեության խոչընդոտմանը: Խուզարկության արդյունքներով, ինչպես նշել ենք, առգրավվել է ընդամենը մեկ համակարգիչ և հիշողության 3 կրիչ՝ փորձաքննություն նշանակելու համար։ Նմանատիպ հանցագործությունների քննության առանձնահատկություններով պայմանավորված, քրեագիտությամբ առաջարկվող մեթոդիկայի համաձայն՝ համակարգչի առգրավումն անհրաժեշտություն է։ Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը։ Ավելին՝ խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար։
Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։ Ուստի՝ կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների հավասարակշռված պաշտպանությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը