12 09 2018

Լեոյի փողոցում մի քանի անձի պառկեցրել են ասֆալտին, ապա բերման ենթարկել

Լեոյի փողոցում մի քանի անձի պառկեցրել են ասֆալտին, ապա բերման ենթարկել

Ոստիկանությունը Երևանի Լեո փողոցում սեպտեմբերի 12-ին ուղեկցում կատարելու համար Prado մակնիշի ավտոմեքենայից բերման է ենթարկել 5 անձի; Ոստիկաններն ասֆալտին են պառկեցրել նրանց։ Մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, և նրանք բերման են ենթարկվել: Ոստիկանությունից հայտնել են, որ հայտնաբերված զենքի օրինականությունը ստուգվում է։

Ըստ լրատվամիջոցներում տարածված լուրերի՝ բերման ենթարկվածներն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի թիկնազորից են։ Հատկանշական է, որ ավելի վաղ խորհրդարանում Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ինքը թիկնապահ չունի։

Բացի դրանից, սեպտեմբերի 11-ի գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին: «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է, որ րոպեներ անց նրանք բաց են թողնվել, ստուգվել են փաստաթղթերը:

«Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թույլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, որևէ խնդիր չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ