Օրերս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտեցին պետական միջոցների յուրացման հերթական դեպքը։
Համագործակցելով ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014-2017 թվականներին, Վարդենիսի նախկին քաղաքապետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է շուրջ 6,100,000 դրամ։
Նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքի փողոցները լուսավորելու պատրվակով քաղաքապետը համայնքի միջոցներով 258 նոր հենասյուն գնելու համար պայմանագրեր է կնքել մի քանի կազմակերպության հետ։ Նախնական համաձայնությամբ, խողովակներից 91-ը քաղաքապետն ընդունել է մասնակի, հնամաշ և օգտագործած վիճակում։ Արդյունքում՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումարը։
Պարզվել է նաև, որ 2017 թվականին քաղաքապետը համայնքի միջոցներով գնել է ուղեհարթիչի՝ գրեյդերի 6 անվադող։ Առանց համապատասխան իրավական հիմքերի դրանք տրամադրել է եղբորը պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով 996,000 դրամի վնաս։ Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը