03 09 2018

Արման Մկրտումյանի տան վրա հարձակվողներից երրորդը Վրաստանում է

Արման Մկրտումյանի տան վրա հարձակվողներից երրորդը Վրաստանում է

Վրաստանում հայտնաբերվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման գործով հետախուզվող 49-ամյա Գագիկ Դանոյանը: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Դանոյանին մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով:

ՔԿ նախագահի խորհրդականը տեղեկացրել է, որ հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանում և ներկայումս իրավասու մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը՝ նրա Հայաստան արտահանձնումը կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Հայր եւ որդի Մկրտումյանների ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Բացի Գագիկ Դանոյանից այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի: Վերջիններս կալանավորված են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ