29 08 2018

Զինված հարձակում՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա

Զինված հարձակում՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա

2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Արման Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։ Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ»,- գրել է Սոնա Տռուզյանը։

Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:

 Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ: Հ.Ռիժենկոն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ