Օգոստոսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեկնարկել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը, որը հետաձգվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը:
«Դավիթ Համբարձումյանի կալանավորման ժամկետի երկարացման դատական նիստը հետաձգվեց մինչ վաղը՝ ժամը 17:00-ն՝ նրա մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև պաշտպաններիս կողմից դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար»,- գրել է Աթանեսյանը:
Փաստաբանը հայտնել է նաև, որ Դավիթ Համբարձումյանը հրաժարվել է դատական նիստին ներկայանալուց, քանի որ նիստը նախագահում է Մնացական Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը