Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 22.06.2018թ.-ին Մ.Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՔԾ-ն հայտնում է, որ հունիսի 23-ին Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այսպես, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016թ.-ի մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով:
Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10.028.580 ՀՀ դրամին համարժեք 1.389.000 ՌԴ ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:
Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ 2018թ. ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքներ թափանցող հրազենային վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 21.03.1958թ.։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 60-ամյա բնակիչը հրազենային վնասվածքն ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որտեղ մի շարք բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիային։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ապրիլի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որով հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, հարցաքննվել տարբեր անձինք։ Նախնական քննության տվյալներով՝ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։
Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել է տուժող։ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սույն քրեական գործով պարզվել է նաև միջադեպի ժամանակ հրազեն կիրառած անձի ինքնությունը, ով Մասիս քաղաքի բնակիչ է, և դեռևս մայիսի 17-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը