Իսրայելի Գլխավոր դատախազությունը պատրաստվում է վկայություն ներկայացնել այն մասին, որ անօդաչուներ պատրաստող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության աշխատակիցները 2017 թվականին Ադրբեջանում ԱԹՍ-ները փորձարկելիս մտադիր են եղել հարվածել Արցախում հայկական դիրքերին, գրում է The Times of Israel-ը։
Ինչպես հաղորդվում է, որպես մեղադրյալներ կներկայանան ընկերության գլխավոր տնօրենը և նրա տեղակալը, զարգացման և մարքեթինգի հարցերով տնօրենները։
Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների հետաքննության բաժինը, պաշտպանության նախարարության հետաքննության բաժինը և դատախազությունը մոտ մեկ տարի է, ինչ հետաքննություն են անցկացնում։ Հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրյալները կասկածվում են խարդախության և պաշտպանական սարքավորումների արտահանման վերահսկման վերաբերյալ օրենքի այլ խախտումների մեջ:
2017 թվականի աշնանը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները իսրայելական ԱԹՍ-ները գործարկելիս մասնագետներին խնդրել են ցուցադրել Orbiter 1K կամիկաձե-անօդաչուի հնարավորությունները: Նրանց առաջարկել են հարվածել երկու երկրի սահմանին գտնվող հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ: Իսրայելացի օպերատորները հրաժարվել են, սակայն Aeronautics Defense Systems-ի ղեկավարներն իրենք են հարվածել: Թիրախին նրանք չեն դիպել, սակայն ԱԹՍ-ներից մեկն ընկել էր ՀՀ զորքերի դիրքերից 100 մետր հեռավորության վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը