Արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցումային արդարադատությունը բնավ նոր երևույթ չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն որոշակի բաղադրիչներով կիրառվել է նաև նախկինում, ուղղակի զուտ այդ ինստիտուտի անվանումը չի դրվել շրջանառության մեջ, ինչն էլ, հավանաբար, այնպիսի տպավորություն է ստեղծել, թե դա բոլորովին նոր ու անկանխատեսելի զարգացումներ է ունենալու, ընդհուպ՝ արդարադատություն իրականացնելու իրավասությամբ օժտված տարաբնույթ հանձնաժողովների ձևավորումը:
Նախ, պաշտոնական աղբյուրները ողջամտորեն ու միանշանակ հերքեցին այդպիսի զարգացումների հեռանկարը: Ինչ վերաբերում է մինչ այս պահն անցումային արդարադատության դրսևորումներին, ապա հենց այդպիսին էր, օրինակ, 1990-ականների սկզբներին Գլխավոր դատախազությունում իմ ղեկավարությամբ ստեղծված «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու և փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը:
Մենք պահանջում էինք ՊԱԿ-ից, ՆԳՆ-ից և այլ մարմիններից (այդ թվում՝ միութենական) արխիվային գործերը և ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, ինչն արդեն բավարար իրավական հիմք էր համարվում անձին արդարացված համարելու համար: Ամբողջ խնդիրն այն էր, որ կար բանավեճ, թե արդյո՞ք, այսպես կոչված «դվոյկաներն» ու «տրոյկաները» համարվում էին օրենքով ստեղծված դատարաններ, որպեսզի նրանց ակտերը ևս բեկանվեին դատական կարգով:
Իմ մոտեցումն այդ ժամանակ այն էր, որ դրանք դատական ատյաններ չեն եղել, ուստի իրավաչափ հիմք չկար հազարավոր գործերի վերանայումը վերապահել դատարաններին և անհարկի ծանրաբեռնել: Եթե համարժեք ուսումնասիրեք դատական համակարգի պատմությունը, անշուշտ կհայտնաբերեք անցումային արդարադատության, այդ թվում՝ դատավորների վերանշանակման նաև այլ դրսևորումներ: Պարզապես այս ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ և խիստ հիմնավորված դեպքերում ու սահմաններում, դրա ցանկացած տարատեսակ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ և միշտ չէ, որ ուղեկցվում է ակնկալվող արդյունքներով:
Մնում եմ այն տեսակետին, որ այս փուլում էական դեր կարող է ունենալ հանրային վստահություն վայելող միջազգային փորձագետներից կազմված խորհրդատվական կառույցների ձևավորումն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային կից 16-րդ արձանագրության հենքով ՄԻԵԴ-ից խորհրդատվություն հայցելու պրակտիկայի աշխուժացումը ...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը