21 08 2018

Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. գնահատականներ

Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. գնահատականներ

Օգոստոսի 20-ին երեկոյան ԶԼՄ–ներում և սոցցանցերում տարածվեց Մանվել Գրիգորյանի լուսանկարը՝ արված ԱԱԾ–ի մեկուսարանում։ Շատ ժամանակ չանցած հնչեցին տարբեր քննադատություններ, իրավունքների ոտնահարման մասին զգուշացումներ: Դրան հետևեց այն, որ լուսանկարը հրապարակաած լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակ»-ը հեռացրեց նյութը՝ ներողություն խնդրելով և նշելով, որ լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր իրենց կողմից: Լուսանկարի հրապարակումը, սակայն ոչ միայն օգտատերերի զայրույթն էր հարուցել, այլև պատկան մարմինների և իրավաբանների:

Մասնավորապես, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կարծիքով Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է և դատապարտելի է: Դեպքի առթիվ արդեն իսկ ծառայողական քննություն է իրականացվում:

«Այդ լուսանկարը չի արվել «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում: Երբ դատապարտյալին լուսանկարում են, և այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում, սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելուն: ԶԼՄ-ը պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովհետև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել: Սա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում» ,- ասել է նա:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Հարգելի Ընկերներ, լրագրողներ, ուզողներ և հատկապես՝ չուզողներ, գիտեմ, որ անհամբեր սպասում էիք այս գրառմանը, Եվ ուրեմն՝

Արցախի հերոսը ՀԵՐՈՍ Է..... մայկով, առանց մայկա, մեկուսարանում, ազատության մեջ, ՀՀ-ում, Արցախում, արտերկրում, ընկերների, թշնամիների, դավաճանների, չկողմնորոշվածների, սխալվածների շրջապատում և ամենուրեք, իսկ նրա չուզողը՝ Աբիժնիկ բոլոր նույն աշխարահագրական վայրերում։ Հերոսի սիրտը մեծ ու հզոր է, կյանքի պայքար մղելուց, նա միևնույն է չի մանրանալու։ Սրանից ավել մեկնաբանություն չի լինելու....առայժմ....թող թույլ տված ունեցողները մտածեն՝ թե ո՞նց պիտի իրենց խուրդա լինելը կոծկեն»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ թեմայի հետ կապված նման մենակաբանություն է արել.

«Այսօր ՀԺ-ում տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա։

Հավանաբար, Մանվել Գրիգորյանին դեռևս 90-ական թվականներից ամենաշատ քննադատողներից եմ եղել։ Սակայն, ազատազրկվածին, առանց իր համաձայնության, գաղտագողի լուսանկարել և հրապարակել, բացարձակապես անընդունելի է, անկախ այն բանից, թե տվյալ անձին ինչպես ենք վերաբերվում։ Ինձ թվում է, որ այդպես էլ ԱԱԾ մեկուսարանը դե-ֆակտո չանցավ Արդարադատության նախարարության ենթակայության տակ և այս լուսանկարը, կարծում եմ, նաև դրա հետևանքն է»։

Իսկ ահա ՄԻՊ-ի գրասենյակից կատարվածը որակել է որպես մարդու իրավունքի ոտնահարում է՝ անկախ նրանից, թե ինչ ընկալում ունի նա հասարակությունում, և ազատությունից զրկման ինչ վայրում է լուսանկարն արվել: Հարցը կապված է նաև անձի արժանապատվության հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ