20 08 2018

Արտակ Զեյնալյանը ներկայացրել է քրգործերի վերանայման ընթացակարգը

Արտակ Զեյնալյանը ներկայացրել է քրգործերի վերանայման ընթացակարգը

«Վերջին շրջանում անձամբ ինձ և ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում բազմաթիվ դիմում-խնդրանքներ՝ նախկինում որոշակի ժամկետով, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերանայման վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Այսպես, քրեական գործերի վերանայումն իրենից ներկայացնում է օրենքով սահմանված որոշակի հստակ ընթացակարգ, որն ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: 

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գործերի վերանայման միակ ընթացակարգը՝ Օրենսգրքով նախատեսվածն է, որտեղ նաև բացակայում է որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական ակտերի վերանայման ընթացակարգի որևէ տարանջատում:

Օրենսգրքով, որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք սահմանված են (1) նոր երևան եկած (նոր փաստ) կամ (2) նոր հանգամանքների (ՄԻԵԴ կամ ՍԴ դատական ակտ) ի հայտ գալը, ինչպես նաև (3) այն բացառիկ դեպքը, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Ընդ որում, Օրենսգրքով հստակ նախատեսված է, որ վերանայման իրավասությամբ օժտված են միայն վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանները, ինչպես նաև սպառիչ սահմանված է վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, որտեղ, իրավացիորեն, ներառված չեն գործադիր իշխանության մարմինները, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը և նախարարը: 

Իսկ ես իրավասու եմ կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված եմ Սահմանադրությամբ կամ օրենքներով: 

Ամփոփելով գտնում ենք, որ վերոգրյալ երեք հիմքերով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակում գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչներին (այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարին) չներառելը բխում է կողմերի հավասարության, մրցակցության, դատական մարմինների անկախության սահմանադրական սկզբունքներից, որն իր հերթին հանդիսանում է իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտ նախապայման և արդար դատաքննության իրավունքի հիմնական երաշխիքը»,- նշում է նախարար Զեյնալյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ