20 08 2018

Վարչապետը չպետք է ստիպի օրենսդիր իշխանությանը ինքն իրեն լուծարելու մասին որոշում կայացնել. փաստաբան

Վարչապետը չպետք է ստիպի օրենսդիր իշխանությանը ինքն իրեն լուծարելու մասին որոշում կայացնել. փաստաբան

Օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ մտահոգություն են առաջացնում։ Այս մասին օգոստոսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, որը թույլ կտա Ազգային ժողովին ինքնալուծարվել՝ բացառելով վարչապետի հրաժարականի նախապայմանը, նա նշել է, որ խոսքը սահմանադրության 92-րդ հոդվածի փոփոխության մասին է։

«Սակայն, փոփոխություն իրականացնել այդ հոդվածում կարելի է Ազգային ժողովի 2/3-րդ քվեով: Փաշինյանն առաջարկում է փոփոխություն իրականացել, որ Ազգային ժողովն ինքն իր ինքնալուծարման մասին որոշում կայացնի՝ բացառելով վարչապետի հրաժարականը: Այդպիսի փոփոխություն կարելի է կատարել այն դեպքում, եթե այսօրվա ՀՀԿ-ն տա իր համաձայնությունը, դա նշանակում է՝ ՀՀԿ-ն պետք է գործի երկրորդ «ինքնասպանությունը»»,–պարզաբանել է Նորիկյանը։

Նրա կարծիքով՝ պետք չէ նման սցենարով գնալ, գործադիրը չպետք է ստիպի օրենսդիր իշխանությանը։ Նա նաև անդրադարձավ հանրահավաքի ժամանակ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված կոչին։ Այսպես, Երևանում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կոչ արեց դատավորներին «խելքները գլուխները հավաքել»։

Փաստաբանը, մասնավորապես, կարծիք հայտնեց՝ շատերը կան, որ դատական համակարգում տեղ չունեն, սակայն կյանքի գնով պետք է պահպանել դատական համակարգի անկախությունը։ Փաստաբանի կարծիքով՝ այդպիսի կոշտ տոնայնությամբ հանդես գալը որոշակի այլ ենթատեքստերով գնահատականների տեղիք կարող է տալ:

Խոսելով անցումային արդարադատության մասին՝ փաստաբանն ասաց, որ դա որոշակի ուրույն գործիքակազմ է, իսկ Հայաստանում իրականացնելու համար պետք է պատասխանել հետևյալ հարցերին.

«Արդյոք ՀՀ օրենսդրությունն անհրաժեշտ և բավարար չե՞ն արդարադատության համար, ովքե՞ր, ի՞նչ սկզբունքով ու ո՞ր կառույցներն են իրականացնելու անցումային արդարադատություն, արդյոք բողոքարկելի՞ են լինելու անցումային արդարադատության ընթացքում իրականացված որոշումները: Իմ կարծիքով՝ ՀՀ օրենսդրությունը բավարար է օրինականության վերականգնման և հաստատման ուղղությամբ»–եզրափակեց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ