20 08 2018

Ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռեր»-ի ազատ արձակման վերաբերյալ որոշումը. Շարմազանովը՝ Գլխավոր դատախազին

Ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռեր»-ի ազատ արձակման վերաբերյալ որոշումը. Շարմազանովը՝ Գլխավոր դատախազին

Գլխավոր դատախազությունից օգոստոսի 20-ին հայտարարեցին, թե բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ Գլխավոր դատախազության և գլխավոր դատախազի նման կեցվածքը և քայլերի հաջորդականությունը ակնհայտ էր.

«Ես ուզում եմ մեկ հարց ուղղել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. պարոն Դավթյան, եթե հիշողությունս չի դավաճանում, Ազգային ժողովում այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավորների հարցերին ի պատասխան հայտարարում էիք` բա ո՞վ պետք է խոսի և պահանջի, որ ոստիկանին գնդակահարած «Սասնա ծռերին» պետք է տալ խիստ պատիժ: Հիմա մոռացե՞լ եք ձեր գնահատականի մասին, բա էդ ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռերի» ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշման դեմ:

Դուք էիք ասում, թե ցավում եք, որ որևէ պատգամավոր չբարձրացրեց ոստիկանին սպանող ահաբեկչական խմբին ավելի խիստ պատժի հարցը: Պարոն Դավթյան, այդքան շուտ ե՞ք մոռանում ՀՀ գլխավոր քաղաքական ամբիոնից ձեր արած հայտարարությունները: Իսկ ո՞վ պետք է մտածի զոհված ոստիկանների ընտանիքների մասին: Եվ նույն հարցը հասցեագրում եմ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որն այդ օրերին եղել է պատանդի կարգավիճակում, իսկ այսօր ծպտուն չի հանում:

Ես ակնկալում եմ, որ առաջիկա կառավարության նիստերին կամ միջանկյալ նիստերի ժամանակ թե՛ Արթուր Դավթյանը` որպես գլխավոր դատախազ, և թե՛ Վալերիյ Օսիպյանը, որպես ոստիկանապետ, համարձակություն կունենան վարչապետի առաջ բարձրացնել այն մտահոգիչ հարցերը, որ ահաբեկչական խմբի որոշ անդամներ դատարանի կողմից ազատ են արձակվում: Ավելին` սպասում եմ, որ գլխավոր դատախազը բողոք կներկայացնի համապատասխան քրեական գործի վերաբերյալ: Մինչդեռ արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքարկում է գլխավոր դատախազությունը, իսկ «Սասնա ծռերին» մոռանում… Արդյոք այստեղ ընտրովի արդարադատություն չէ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ