15 08 2018

Բացահայտվել են կաշառքով զինծառայությունից ազատելու դեպքեր

Բացահայտվել են կաշառքով զինծառայությունից ազատելու դեպքեր

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 1999թ. ծնված Ա.Ղ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Շ.Ղ-ից առանձնապես խոշոր չափերով՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, որի արդյունքում Ա.Ղ.-ն, հոր օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2017-2018 թվակաների հերթական զորակոչերից՝ ստանալով տարկետում:

Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով Ա.Ա.-ն ձերբակալվել է: 2018թ. օգոստոսի 14-ին նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև Շ.Ղ.-ն: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն 2000թ. ծնված Է.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական  ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Կ.Հ-ից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև Ս.Ա-ն Կ.Հ-ին ծանոթացրել է ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ի հետ, ով օժանդակել է քրեական գործով դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից նույն՝ Է.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական  ծառայությունից ապօրինի ազատելու համար խոշոր չափի՝ 800 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն: Արդյունքում, Է.Հ.-ն, Կ.Հ.-ի օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում: 

2018թ. օգոստոսի 14-ին ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն ձերբակալվել է: Կ.Հ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն  օժանդակել է քննությամբ դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում 2000թ. ծնված Հ.Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ Հ.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինից խոշոր չափերով՝ 388.320 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, ինչի արդյունքում Հ.Մ.-ն օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում: Հ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ