05 08 2018

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ են ուղղվում

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ են ուղղվում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի և մյուս պաշտպանների հասցեին սպառնալիքներ են հնչել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբաններից Հայկ Ալումյանը: 

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ: Այս կապակցությամբ կուզեի մի փոքր հետ գնալ, որպեսզի որոշ բաներ պարզ դառնան: 2000-2003 թվականին ես պաշտպանում էի մի զինվորի, ում մեղադրել էին համածառայակցի սպանության մեջ: Այս զինծառայողից ռազմական ոստիկանները խոստովանական ցուցմունքներ էին կորզել՝ եղունգները պլասկոգուբցիներով սեղմելու և համանման այլ խոշտանգումների միջոցով:

Ինձ հաջողվեց ապացուցել խոշտանգումների փաստը (ում հետաքրքիր է՝ կարող են նայել Եվրոպական դատարանի վճիռը Միշա Հարությունյանի գործով), որի արդյունքում 5 խոշտանգողները, որոնցից մեկը արդեն ԱԱԾ-ում շատ բարձր պաշտոն էր զբեղեցնում, իսկ մյուսը՝ ՌՈ տարածքային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետ էր՝ դատապարտվեցին: 

Այդ 5 անձինք, ամենքը, ունեին մեծ հնարավորություններ և բազմաթիվ ազգականներ, ովքեր (հասկաանալի պատճառներով) շատ վատ էին տրամադրված իմ դեմ: Կար մտավախություն, որ նրանք կարող է փորձեն վրեժ լուծել: Սակայն ստացվեց այնպես, որ նրանցից որևէ մեկը, որևէ անգամ ինձ չփորձեց սպառնալ կամ վիրավորել: Ես հասկացա, թե ինչու այդպես եղավ. նրանց համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի նման վերաբերմունք փաստաբանի նկատմամբ:

 2013 թվականին ինձ դիմեցին Բուդաղյաններ ընտանիքի անդամները՝ երևի գիտեք, թե որ գործով: Տարիներ շարունակ իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եմ, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին ենթարկվեն քրեական պատասխանատվության: Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ և պառնալ ինձ, և այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որևէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: Պարզ է, որ եթե Ս.Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ: 

Այժմ ես համացանցում տեսնում եմ իմ և թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ: Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները (որոնք տրվում են իրենց խոսքի արժեքը չհասկացող անձանց կողմից)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ