«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն օգոստոսի 1-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, պնդել է նախկինում արած իր հայտարարությունը, թե պատահական կրակոցը, որից մահացել է ոստիկանը, արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:
«Դա բացարձակ ճշմարտություն է»,-հայտնել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պավլիկ Մանուկյանը դատական նիստերից մեկում հայտարարել էր. «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը։ Բանկոմատը բացել է մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանը։ Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության և արդարության: Խնդրում եմ վերականգնեք արդարությունը, և ես ձեզ կդիմեմ պարոն դատավոր բառով, որը դուք կվաստակեք»:
Նույն գործով անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանն իր հերթին դատարանում հայտարարել էր, որ դա ոչ թե «Սասնա ծռերի» հայտարարությունն է, այլ միայն Պավլիկ Մանուկյանի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը