«Զուտ հաղորդագրություն է, որտեղ նշված փաստերը դեռևս ապացուցման կարիք ունեն»: Նման կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության՝ մարտի 1-ի գործով տարածած հաղորդագրությանը:
Հիշեցնենք, հաղորդագրության համաձայն, 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասով նոր փաստեր են ի հայտ եկել, ինչի առիթով մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
ՀՔԾ հայտարարությունը, սակայն, քննադատական գնահատականի արժանացավ մասնագիտիտական շրջանակների կողմից՝ թե քաղաքական ձևակերպումների, թե ենթադրություններով շարժվելու, թե՝ օրենքի հոդված գործածելու առումով, որը մարտի 1-ին կատարված արարքը որակելու համար ժամանակավրեպ է:
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, հայտարարեց, որ ՀՔԾ տեքստը մասնագիտորեն կաղում է և դժվար է հավատալ, որ այն իրավաբան է գրել:
Իսկ փաստաբան Գևորգ Գյոզալյանը դժվարանում է գնահատել Հաղորդագրության պրոֆեսիոնալիզմը . «Շատ ավելի կարևոր է, թե այդտեղ տեղ գտած մեղադրանքները ինչքանո՞վ կապացուցվեն դատարանում»:
Փաստաբան Գյոզալյանը, այնուամենայնիվ, մեծ բացթողում է համարում այն, որ հաղորդագրության մեջ բացակայում է անձի անմեղության կանխավարկածի մասին հիշեցումը:
«Ցանկացած հաղորդագրություն, ցանկացած հրապարակային խոսք պետք է խստագույնս հարգի անձի անմեղության կանխավարկածը, այդ թվում նախկին իշխանավորների: Սա վերաբերում է նաև հասարակությանը: Որքանով էլ արդարացի լինի բողոքը, այնուամենայնիվ պետք է զգուշավոր լինենք, որ չխախտենք անձի անմեղության կանխավարկածը»,- նկատեց նա:
Գևորգ Գյոզալյաննը նաև ավելացրեց, որ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասով լուրջ վերապահումներ ունի, այն քննադատությունների չդիմացող մեղադրանք է: «Սահմանադրության այդ հոդվածը բոլորովին այլ բանի մասին է խոսում»,- ասում է Գյոզալյանը՝ հավելելով, որ ՀՔԾ նախագահի բացատրությունը, թե նախկին օրենքը փոխվել է և զետեղվել նոր հոդվածի մեջ, համոզիչ չէ: «Այստեղ նրանք շատ գործ ունեն անելու դա ապացուցելու համար»,- խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը:
Իրավաբան, GPartners իրավաբանական գրասենյակի կառավարիչ Սարգիս Գրիգորյանի խոսքով էլ, 2009 թվականին ընդունված 300.1 հոդվածին ՀՔԾ-ն փորձ է անում տալ հետադարձ ուժ: «Քննարկվող իրադարձությունների վերաբերյալ առկա փաստական հանգամանքներով, որ ներկայացրել է ՀՔԾ-ն, հնարավոր չէ մեղադրյալի կողմից նման գործողությունների կատարման փաստը հիմնավորել:
Հանցագործությունը պետք է դրսևորվեր առկա սահմանադրական ինստիտուտի վերացմամբ և նորի ստեղծմամբ: ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նման փաստ չկա՝ սահմանադրական ինստիտուտ չէր վերացվել և նոր ինստիտուտ չէր ստեղծվել»,- ասաց իրավաբան Գրիգորյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումը չկիրառելու կամ անտեսելու ՀՔԾ քայլն իրավական վերաբերմունքի կարիք ունի:
Անդրադառնալով քննչական կառույցի հայտարարության մյուս դետալներին, Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ մեկնաբանությունը, թե սահմանադրության չորրորդ հոդվածը խախտվել է և որպես ապացույց հասարակության լայն շերտերի գնահատականներին հղումը, լուրջ չէ. «Դա չի կարող համարվել ապացուցողական բազա: Դա նմանվում է սոցիալական հետազոտության: 2008թ. մարտի 8-ին ՍԴ-ն ուժի մեջ է թողել ԿԸՀ փետրվարի 24-ի որոշումը, որով ամփոփվել էին ընտրությունների արդյունքները: ՍԴ-ն ապահովել է սահմանադրական գերակայությունը: Բոլոր գնահատականները տալիս պետք է հիմք ընդունել ՍԴ որոշումները: Սահմանադրական դատարանի որոշումնները վերջնական են, պարտադիր են բոլորի համար և կիրատելի են ՀՀ ողջ տարածքում»:
Իրավաբան Գրիգորյանն անհրաժեշտ է համարում, որ պրոֆեսիոնալ իրավական գնահատականներ տրվեն ՀՔԾ-ի դիրքորոշմանը, ինչպես նաև գնահատեն սահմանադրական դատարանի որոշման անտեսման իրավական հետևանքները:
«ՀՔԾ-ն ունենալով պրոֆեսիոնալ թիմ, պետք է իրավական գնահատականներ տար՝ իրավասության շրջանակներում, ոչ թե քաղաքական գնահատական»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
Առաջիկայում կներկայացնենք իրավական ոլորտի ներկայացուցիչների՝ ներկայացվող թեմայի վերաբերյալ այլ գնահատականներ ևս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը