Յուրացումներ կատարելու կասկածանքով ձերբակալված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հայտնել է, որ հիմնադրամից վերցրած գումարները վերադարձրել է, սակայն ընթանում է քննություն, որպեսզի պարզվի՝ այդ գումարները վերադարձրե՞լ է, թե՝ ոչ: Այս մասին հուլիսի 4-ին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ունենք հստակ, որ մոտ 130 մլն դրամ հանել է և խաղացել է կազինոներում: Ստուգումներ պետք է լինեն, կավարտվեն, կտեղեկացնենք»,- նշեց Վանեցյանը:
Նրա խոսքով, միայն այն փաստը, որ Վանեցյանն օգտվել է վարկային գծից, արդեն քրեորեն պատժելի է:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութին, Վանեցյանը նշեց. «Երևան» հիմնադրամի հետ կապված քննության հետ մեկտեղ այդ երևույթներն էլ են ուսումնասիրվում։ Եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի»։
ԱԱԾ տնօրենն ասաց, որ Տարոն Մարգարյանը դեռրս չի հրավիրվել հարցաքննության։
Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործով էլ ԱԱԾ-ն հայտնել է հետևյալը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:
Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ:
Արա Վարդանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը