Հունիսի 8-ին ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից: Դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարեց պատգամավորների միջնորդությունը:
Նշենք, որ Արամ Պավելի Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն էին ներկայացրել դատարան ՀՀ ԱԺ «ԵԼՔ» Խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, «Ծառուկյան» Խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, Գևորգ Պետրոսյանը։
Նշենք, որ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ևս ազատ արձակվեց կալանքից: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 500 հազար դրամի չափով գրավը:
Իսկ պատգամավորներ Ալիկ Սարգսյանը և Ֆելիքս Ցոլակյանը երաշխավորություն են ներկայացրել Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու համր:
Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Նա նաև ներկայացրեց պատգամավորներ Ալիկ Սարգսյանի և Ֆելիքս Ցոլակյանի անձնական երաշխավորությունը խափանման միջոցը փոխելու համար։
Պաշտպանը միջնորդել է խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ սահմանել։
Նշենք, որ Զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները դատարանի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում՝ ի պաշտպանություն ամբաստանյալների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը