19 05 2018

Amnesty International. Չենք կարող Սասնա Ծռեր դեպքերի մասնակիցներին համարել խղճի բանտարկյալ

Amnesty International. Չենք կարող Սասնա Ծռեր դեպքերի մասնակիցներին համարել խղճի բանտարկյալ

Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին պատասխանել է Ամերիկայի Ձայն-ի հարցերին Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի ու վերևջին զարգացումների վերաբերյալ:

«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Հայաստանի և Ադրբեջանի պարագայում Եվրախորհուրդը որոշում է ընդունել՝ փորձելով հստակեցնել, թե ովքեր են կարող համարվել քաղաքական բանտարկյալներ: Amnesty International-ը օգտագործում է իր եզրը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ, որը նշանակում է, որ անմեղ անձը բերման է ենթարկվել կամ կալանավորվել բացառապես ազատ արտահայտման իր իրավունքի կիրառման կամ քաղաքական հայացքների պատճառով: Այս եզրը մենք կիրառում ենք հստակ սահմանված դեպքերում, միան համապարփակ դեպքի ուսումնասիրություն իրականացնելուց հետո:

Հայաստանի պարագայում մենք ուսումնասիրել ենք հավաքների ազատության խնդիրը: Հայաստանում հաճախ են եղել բողոքի ցույցեր: Ես որպես Amnesty International-ի ներկայացուցիչ ներկա էի Հայաստանի վերջին հեղափոխական իրադարձություններին: Մենք ուսումնասիրում էինք ազատ հավաքների իրավունքի հետ կապված հարցեր: Մեր մտահոգությունները կապված էին ոստիկանության կողմից բռնության կիրառման և ոստիկանության պատասխանատվության հարցերի հետ:

Amnesty International-ի ուշադրության ներքո էր գտնվում նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ կապված Երևանում 2016 թվականին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման և դրան հաջորդած դեպքերի հետ, երբ եղան բերման ենթարկվածներ: Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա է ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, ու մենք կարող ենք փաստել, որ դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են:

Դեռևս վերջնականապես չենք ուսումնասիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների հետ կապված հարցը: Մեր ընդունված ձևաչափն է խղճի բանտարկյալներ եզրը: Երբ անդրադառնում ենք Երևանում ոստիկանության զորամասի գրավման դեպքին, ապա Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այդ պատճառով է, որ չենք կարող ճանաչել խղճի բանտարկյալներ նաև ցուցարարներին: Քաղաքական բանտարկյալ եզրը չափազանց լայն հասկացություն է:

Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ, ինչպես նշեցի, իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը: Մենք կարող ենք կոչ անել ազատել ձերբակալվածին առանց որևէ նախապայմանների, եթե վերջինս չի կիրառել որևէ բռնություն, չի կատարել որևէ հանցանք և ձերբակալվել է կամ բերման ենթարկվել ազատ արտահայտվելու համար: Այս դեպքում ցավոք մենք չենք կարող դիմել ձերբակալվածներին ազատ արձակելու կոչով: Մեզ սակայն մտահոգում է ազատ դատավարության կազմակերպման հարցը: Ազատ արձակելու որոշումը պետք է կայացնի Հայաստանի դատարանը:

Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ մենք արձանագրել ենք, որ ընդհանուր առմամբ ցույցերն ու հավաքները խաղաղ էին, որը աննախադեպ է այս տարածաշրջանի համար, ուր մշտապես հանդիպում ենք բախումների ու բռնության դեպքերի: Մենք որոշ մտահոգություններ ունենք ոստիկանության գործողությունների կապակցությամբ և արձանագրել ենք մի քանի դեպքեր, երբ ոստիկանությունը ճնշումներ է կիրառել ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատմամբ: Մենք խոսել ենք մի քանի տուժածների հետ, ովքեր ցույց են տվել իրենց մարմնի վրա բռնության հետքեր՝ պնդելով, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել նրանց նկատմամբ բերման ենթարկելուց:

Մեր մյուս մտահոգությունն է բերման ենթարկելու օրինականությունը: Մենք ականատես եղանք , որ հազարավոր ցուցարարներ բերման են ենթարկվում վարչական օրինախախտումների համար, ինչպես նաև քրեական ակտիվության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Ամենախնդրահարույցը բերման ենթարկվածներին պահելու ժամկետն է: Ըստ Հայաստանի օրենսդրության բերման ենթարկվածներին կարող են պահել ընդամենը 3 ժամ, սակայն շատերն արձանագրում էին, որ ոստիկանությունը նրանց պահել է ավելի երկար ժամանակ:

Մենք նաև արձանագրել ենք մի շարք դեպքեր, երբ անհայտ անձինք մոտեցել են խաղաղ ցուցարարներին և սկսել հարվածել նրանց: Որոշ տեսանյութերում երևում է, որ ոստիկանությունը չի միջամտել և բերման չի ենթարկել հարձակվողներին: Ինչպես մեզ հայտնեցին ցուցարարները, սա ոստիկանության որդեգրած գործելաոճն էր, որով փորձ էր արվում հետ պահել մարդկանց ցույցերից և խոչընդոտել ազատ արտահայտման իրավունքի իրականացմանը:

Amnesty International-ը նաև մտահոգություններ ունի ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների կիրառման վերաբերյալ: Մենք արձանագրել ենք նման նռնակների կիրառման առնվազն երկու դեպք վերջին շաբաթներում, որոնք կիրառվել են առանց համապատասխան նախազգուշացման: Արդյունքում մի շարք ցուցարարներ և ոստիկաններ ստացան վնասվածքներ:

Մենք մտահոգություն ունենք նաև մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու հարցում: Մեզ տեղեկացրել են, որ ոստիկանությունը կամ անհայտ անձինք միտումնավոր վնաս են հասցրել քաղաքացիների ավտոմեքենաներին, որոնք օգտագործվում էին ցուցարարների կողմից փողոցները փակելու համար: Վերոհիշյալ բոլոր մտահոգությունները փոխանցվել են մեր կողմից ՀՀ ոստիկանությանը երկու շաբաթ առաջ: Մենք դեռևս չենք ստացել որևէ պատասխան, թե ինչպիսին է ոստիկանության վերաբերմունքը այս մեղադրանքներին և ինչպիսի հետաքննչական գործողություններ են ձեռնարկվում այս ուղղությամբ: Մենք շարունակում ենք հետաքննությունը այս ուղղությամբ և հույս ունենք, որ իրավախախտողները պատասխանատվության կենթարկվեն»:

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ցույցեր են ընթանում՝ Սասնա Ծռերին ազատ արձակելու պահանջով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ