09 09 2024

Քննչական կոմիտեն՝ 1 տարի առաջ տեղի ունեցած զինծառայողի սպանության մասին

Քննչական կոմիտեն՝ 1 տարի առաջ տեղի ունեցած զինծառայողի սպանության մասին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ  N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

2023թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գևորգյանը նույն հենակետի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված  «ԱԿՄ»  տեսակի ինքնաձիգով կատարել է անդամախեղում՝ աջ ոտքի  շրջանում մեկ կրակոց արձակելով, որի հետևանքով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն, 2023թ. օգոստոսի 31-ից որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, սեպտեմբերի 19–ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մարտական դիրքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, ոտնաթաթն անզգուշությամբ տրորելու հարցի շուրջ, վիճաբանել է ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գ.-ի հետ։ Այդ ընթացքում իր պարտականությունները կատարելու փոխարեն դրսևորելով զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ անհամատեղելի վարքագիծ՝ Վ.Մ.-ն մարտական դիրքի զինաբուրգից վերցրել է նույն մարտական դիրքի ավագին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը,  բացել է զենքի ապահովիչը, լիցքավորել այն և մենահատ մեկ կրակոց է արձակել դեպի օդ։ Ապա մեկ մենահատ կրակոց է արձակել Ա.Գ.-ի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է նշված ինքնաձիգը, փամփշտանոցից դուրս եկած փամփուշտ տեղադրել պահեստատուփի մեջ, իսկ պահեստատուփն ամրացրել ինքնաձիգին, որից հետո ինքնաձիգը տվել է Ա.Գ.-ին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։ Այնուհետև Վ.Մ.-ն նետել է գետնին հայտնաբերված կրակված գնդակը և դիրքի 

անձնակազմին հորդորել, որպեսզի դեպքը ներկայացնեն այնպես, թէ իբր Ա.Գ.-ն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն դիրքի անձնակազմից երկու զինծառայողի հանձնարարել է մաքրել Ա.Գ.-ի ոտքից թափված արյունը՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինս կալանավորվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ