06 09 2024

Օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի անհատական շարժունակության միջոցների գործունեությունը



 

Հայաստանում և, մասնավորապես, Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ոլորտը կանոնակարգված չէ, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենսդրությամբ սահմանելու դրանց երթևեկության կանոնները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում:

Ըստ այդմ՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:

Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

«Կազմակերպությունների համար, որոնք վարձակալությամբ տրամադրում են նման սարքավորումներ, նախատեսված է նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե օրենքով սահմանված կարգով ճիշտ կահավորված չէ տվյալ սարքավորումը: Սարքավորումը պետք է ունենա նաև արագության չափման սարք»,- մանրամասնել է Ներքին գործերի նախարարի տեղակալը:

Օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ