06 09 2024

Արշակ Սարգսյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդարացման դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

Արշակ Սարգսյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդարացման դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

 

ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդարացման դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։

Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այն դեռևս վարույթ չի ընդունվել, քննարկման փուլում է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել «10»-ի գործով մեղադրյալներին և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Պաշտպանության կողմը, սակայն, չի համաձայնել որոշման հետ և Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով արդարացում են պահանջել։ Ըստ այդմ, դատական ակտը բեկանվել է, սակայն՝ մասամբ՝ միայն յոթ մեղադրյալների մասով, քանի որ մեղադրյալներից մեկը՝ դաշնակցական Սարգիս Կարապետյանը, դեռևս դատաքննության փուլում է մահացել, իսկ մյուս մեղադրյալները բողոք չեն ներկայացրել։

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, ավվագանու անդամ Արշակ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը՝ մեղադրյալների նկատմամբ կայացնելով արդարացման դատական ակտ։ Նախագահող Մհեր Արղամանյանը հատուկ կարծիք է ներկայացրել՝ համաձայն չլինելով մյուս երկու դատավորների հետ։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։

Նշենք, որ Բագրատ Եսայանը երեկ ահազանգել է, որ, թեև վերաքննիչ դատարանն արդարացման ակտ է կայացրել, իրեն թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը։

Հիշեցնենք, որ 2021թ ապրիլին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում բողոքի ակցիա է իրականացվել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Ակցիայի մասնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի մուտքը՝ Սյունիքի մի շարք բնակավայրեր, «ողջունել» Փաշինյանին, ինչից հետո ակցիայի մի շարք մասնակիցներ ձերբակալվել են։

Սույն քրեական գործով մեղադրյալները տասն են՝ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, հասարակական-քաղաքական գործիչ Բագրատ Եսայանը, Նարեկ Մանթաշյանը։ Վերջիններս մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ, ըստ մեղադրանքի՝ վերջիններս խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ