Հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ):
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում իրականացվում են քննչական գործողություններ:
Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին, Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։
Պարզվել էր՝ «ՅԱԿ 52» ինքնաթիռը բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին և շրջվել: Զոհվել էին նրանում գտնված սպան և կուրսանտը։
Ինքնաթիռը պատկանում էր ՊՆ-ին և իրականացնում էր ուսումնավարժական թռիչք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը