Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ է տվել՝ մինչև երեքշաբթի կեսօր․ կա՛մ գնում է, կա՛մ սկսում են անհնազանդության ակցիաներ։ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, դրանում ոչ մի խոսք ու կասկած։ Անկախ նրանից՝ քանի հոգի է հրապարակում, քանի հոգի է ակցիաներին մասնակցում, քանի հոգի է ակտիվորեն պահանջում հրաժարականը, քանիսը՝ տանը նստած․ մեկ է՝ պետք է հեռանա։ Նա դավաճանել է մեր հայրենիքը, մեր ներկայի, անցյալի վրա սև լենտ է քաշել, ու ապագան թողել է վտանգավոր ու անորոշ։ Նորմալ մարդը չի ուզենա ապրել երկրում, որը ղեկավարում է նրա պես մեկը, այն էլ՝ բացահայտված մեկը։ Ես չեմ հաշտվում նրա հետ, որ Արցախի եկեղեցիների վրա այժմ Ադրբեջանի դրոշն է, ես չեմ կարող հաշտվել այն մտքին, որ մեր Արցախում ահաբեկիչներ են ապրելու։ Փաշինյանն ասում է՝ միակ պատասխանատուն ես եմ, կրում եմ պատասխանատվություն․ բայց ինչպե՞ս է կրում, եթե շարունակում է նույն ձևով ու ոճով ու շարունակում է պաշտոնին մնալ։ Բա ո՞նց եք կրում դա։
Փաշինյանը կա՛մ կտրվել է իրականությունից, մնացել է 2018-ի ալիքի տակ, կա՛մ վախենում է աթոռը բաց թողնել, վախենում է իր ճակատագրից կամ էլ ծրագիրը դեռ ավարտին չի հասցրել, ու Արցախի հանձնումն ընդամենը էդ ծրագրի մի մասն էր։ Փաստում եմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ աթոռում չունի ժողովրդկան աջակցություն և թիմային հենարան։ Վե՛րջ, այդ ամենը այլևս չկա։ Նախկինում էլ դա վիրտուալ էր, իսկ այսօր՝ բոլոր առումներով։
Եվ ուրեմն, ովքե՞ր են մնացել Նիկոլ Փաշինյանի աջակիցները և ո՞ր լծակների շնորհիվ է նա դեռևս դիմադրում։ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են փշալարն ու ճաղավանդակը։ Նա առաջ դեմագոգիկ ձևով հայտարարում էր՝ կառավարությունը ժողովրդի դուռն ա, ուզի՝ ոտքով կխփի։ Այսօր ժողովրդի, այսինքն՝ կառավարության շենքը ճաղավանդակներով են պատել։ Ընդ որում, դա արվել է իր օրոք, պատմության մեջ առաջին անգամ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հասնում են Ազգային ժողով, անմիջապես դարպասները փակում են, զոդում։ Այն դեպքում, երբ ԱԺ դարպասները ժողովրդի առաջ բաց լինելը ժողվարչապետը համարում էր 100 ձեռքբերումներից մեկը։ Ինչքան արագ փոխվեց, չէ՞, այդ ամենը։
Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են ոստիկանությունը։ Մի տեսակ չեմ ուզում հավատալ, բայց, տպավորություն է, թե ոստիկանները հայրենիք չեն կորցրել։ Անգամ այն պահին, երբ կառավարության դիմաց բողոքի ակցիա չկա, մեկ է՝ ոստիկանների մի քանի ջոկատ հսկում է կառավարության շենքը, որ հանրությունը մոտ չգնա։ Թշնամին մտնում է հայկական գյուղեր, ոսկու հանք, մի սահմանապահ չկա, ուժային չկա, անգամ սովորական ոստիկան չկա։ Գյուղապետերն են պաշտպանում Հայաստանի պետական սահմանը, բանակցում թշնամու հետ։ Իսկ ոստիկաններն ու զինվորականները Նիկոլ Փաշինյանի թիկունքն են պահում։ Որ ի՞նչ, հասկանալի չէ։
Բայց անգամ ոստիկանականությունը հերիք չի անում, Փաշինյանը դիմում է ֆեյք ոստիկանների աջակցությանը։ Ընդդեմ կապիտուլյացիայի բողոքի ակիաները ճնշում են դեմքը փակած սևազգեստ մարդիկ, մի մասը՝ փռչոտ դեմքով։ Հետո մամուլը գրեց, որ դրանք նիկոլամերձ օլիգարխի թիկնազորից են, հետո պարզեցինք, ու ՊՆ-ն դեռ չի հերքել, որ այդ ֆեյք ոստիկանների մեջ կան ռազմական ինստիտուտնի կուրսանտներ։ Մարդիկ, որոնք պետք է սպա դառնան, այս հանցագործ իշխանությունը նրանց 4-րդ կուրսում սովորեցնում է որ սեփական ժողովրդին ծեծելն էլ է, ծառայություն։ Նիկոլ Փաշինյանի անցնելու ժամանակ բոլոր փողոցները ոստիկանները փակում են, ինչն առաջ չկար։ Գյումրու այսօրվա այցի լուսանկարները նայեք, փակ փողոցները, չկայացած պատարագը, ու ոստիակններ, ոստիկաններ։ Սահմանները չեն պահվում, բայց մեկ հոգու անվտանգությունը պահելու համար հազարավոր իրավապահներ են հանվում փողոց։ Նա՛ է ամեն ինչից կարևորը։
Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել է թիկնապհական մեծ բանակով, նա ամենուր գնում է թիկնապահների ուղեկցությամբ, անգամ Մայր Աթոռ պատարագին գնաց թիկնապահներով, որոնք նրա մտնելուց հետո փակեցին դարպասները։ Լուսանկար հրապարակվեց, թե ինչպես են Նիկոլի առանձնատանը պահակություն անում ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները։ Պարզ է, չէ՞, որ ժողովրդի աջակցություն վայելող մարդուն այդպես չէին պահի։ Ֆիլմերից կհիշեք, երբ որևէ երկրում, քաղաքում բացահայտվում է մի դաժան հանցագործ, որը, օրինակ, մեծ թվով մարդկանց է սպանել, ու երբ այդ հանցագործին տանում-բերում են դատարան կամ տեղափոխում այլ կալանավայր, զրահապատ մեքենայով, մեծ թվով ոստիակնություն է հսկում նրա տեղաշարժը։ Որովհետև հասկանում են որ կարող է մարդիկ չսպասեն արդար դատաստանի, ներվերը չհերիքի՝ մի բան անեն։ Այ այսօրվա վիճակին շատ եմ նմանեցնում, երբ տեսնում եմ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանության քանակը։
Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մնացել են խուժանը․ լուսանկար հրապարակվեց, տեսանյութ, թե ինչպես է զինվորական հագուստով խուժանը մտնում կառավարական դաչաներ՝ զենք ստանալու։ Ինչի՞ համար, Նիկոլ։ Փաշինյանի աջակիցներն այն մի քանի հոգին են՝ փոխմարզպետ, Ավանի փոխթաղապետ և այլն, Հանրապետության հրապարակում ցույց անող մի քանի հոգին, որոնք ասում էին՝ Շուշին մեզ պե՞տք էր, լավ ես արել, տվել ես, քո ցավն էլ տանեմ։ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են շանտաժը, շանտաժով իր մոտ է պահում թիմ կոչվածի փշրանքները, հրաժարական տված պատգամավորի տուն հավատարիմ շնիկներն են գնում հաշիվ պահանջելու։
Նիկոլի աջակիցը տարբեր դեսպանատների բունկերներն են, որոնցում կարող է ապահով թաքնվել, ինչպես արեց օրեր շարունակ։
Վերջապես, Նիկոլ Փաշինյանի աջակիցները ֆեյքերն են, որոնք փողի դիմաց մտնում են ու հայհոյում, սպառնում, թե՝ լավ է արել, որ հողերը տվել է կամ՝ նախկիններն են տվել և այլն։ Անգամ մարդու իրավունքների պաշտպանն է ահազանգում, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ֆեյքերին իր վրա քսի տվել ու իրենք էլ ղեկավարում են։ Պարզ է որ հենց իրենք են, բա էլ ո՞վ։
Սրա՛նք են Նիկոլ Փաշինյանին աջակցողները։ Նորմալ մարդ տեսա՞ք այստեղ։ Էս կցմցած թիմով է պահում իշխանությունը։ Ասում են՝ ժողովուրդը Նիկոլի հետ ա, էդ ո՞ր ժողովուրդն է Նիկոլի հետ, ադրբեջանի՞։ Դե ով Նիկոլի հետ է, թող հայտարարի հրապարակավ։ Ինչի՞ց եք վախենում, պաշտոնյաներ, քաղաքապետեր, մարզպետներ, վեր կացեք ու դուխով հայտարարեք՝ մենք կողմ ենք Նիկոլին, մենք կողմ ենք հողերի հանձնմանը։ Դե խոսեք, սա՞ է ձեր աջակցությունը։ Բա դուրս եկեք փողոց, ինչի՞ց եք վախենում։ Բա օրը բազմաթիվ համայքնապետեր, մտավորականներ, դիվանագետներ, տարբեր գործիչներ հայտարարում են, որ հրաժարական են պահանջում, բա դուք էլ ձե՛րն ասեք։ Մի՛ վախեցեք, էս ժողովուրդը ձեզ կների, իրե՛ն չի ներելու, ո՞ւր եք հետը մնում։ Թշնամին մտել է Սյունիք, հողը պաշտպանողը գյուղապետն ու տեղացիների ջոկատներն են։ Մարդիկ պահանջում են զորք, իշխանություն, ու Նիկոլ Փաշինյանն ուղարկում է ո՞ւմ, Արայիկ Հարությունյանին։ Էն, որ ԿԳՄՍ նախարար էր։ Արայիկ Հարությունյանը գնացել է հայրենիք պաշտպանելո՞ւ։ Նա մարդ է, որը երբ կրթության նախարար էր, նրա հրաժարականն էր պահանջում ժողովուրդը՝ հայրենիքը, մեր պատմությունը, մեր լեզուն որ կարողանա փրկել։ Նա այն նախարարն էր, որ սեռափոխ մարմնավաճառ էր ընդունում նախարար ժամանակ։ Ու դրան ուղարկել է, որ ի՞նչ անի։
Հայաստանի իշխանությունը երկուսուկես տարում ոչինչ չի արել, բացի եղածը փչացնելուց, իրեն շրջապտել է կեղծիքով, ֆեյքերով, ֆեյք պաշտոնյաներով, ֆեյք հաջողություններ է հրապարակել, ֆեյք տնտեսական աճ, հաղթանակ։ Սա՛ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սրա՛նք են իր աջակիցները։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը կարող է էլի մի քանի օր մնալ իշխանության։ Բայց նա իշխանություն չունի այլևս։ Թվարկածս զանգվածի շնորհիվ կարող է մի քիչ էլ յոլա տանել։ Այո, նա կարող է էլի ինչ-որ ժամանակ մնալ էդ աթոռին, թաքնվել և ձմեռել կառավարական առանձնատանը, բայց մեկ է՝ նա արդեն վերջացած է, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես մարդ։ Նիկոլ Փաշինյանը այլևս չկա։ Բայց քանի օր ավելի մնաց, այնքան ավելի վնաս է պետությանը։ Ես հույս չեմ կապում իր բանականության վրա, մեր երկրի հույսը դուք եք, ոտքի ելած և կեղծիքից արթնացող ժողովուրդ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը