04 12 2020

Դիմակավորված սևազգեստ ոստիկանները եղել են Ռազմական ինտիտուտի կուրսանտնե՞ր

Դիմակավորված սևազգեստ ոստիկանները եղել են Ռազմական ինտիտուտի կուրսանտնե՞ր

 

Նոյեմբերի 20-ին ու բացառապես միայն այդ օրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող  ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկող սևազգեստ դիմակավորված անձիք «անհետացել են», նրանք էլ չկան: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երբեմնի բարձրաստիճան ոստիկան Արմեն Խաչատրյանն այս առիթով բավականին զավեշտալի մեկնաբանություն է արել։ Նրա խոսքով՝ չինական համազգեստով դիմակավորված անձիք  օլիգարխների  թիկնազորից չեն, ինչպես պնդում են Արթուր Վանեցյանն ու որոշ գործիչներ, պատգամավորի խոսքով՝ իրականում դիմակավորված սևազգեստ անձիք ոստիկանության ներքին զորքերի հատուկջոկատայիններն են եղել, իսկ հանդերձանքն ուրիշ է, քանի որ ռազմաճակատից վերադառնալուց հետո ոստիկանական համազգեստը պիտանի չի եղել, ստիպված պահեստից այլ հագուստ է հանվել՝ չինական տառերի դաջվածքներով:

Մի կողմ թողնենք պատգամավորի այն աբսուրդային ձևակերպումը, իբր ոստիկանական զորքը կորցրել է համազգեստը ռազմի դաշտում, ստացվում է՝ նրանք ոստիկանական համազգեստո՞վ էին զորակոչվել ռազմաճակատ, սա ծայրահեղ անմտություն է, և իմաստ չունի մեկնաբանել:

Բայց էականն այստեղ Փաշինյանի թիմակիցը դարձած ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի անզգուշորեն արած խոստովանությունն է. առ այն, որ Ոստիկանության հատուկ ջոկատայինների զորքերը (Ներքին զորքեր, կամ գուցե 6-րդ վարչության քրեական հետախուզության ծառայողներ) հրահանգավորված դուրս են բերվել խաղաղ ցուցարարի դեմ, այդպիսով անուղղակիորեն դարձել քաղաքական ջարդարարության ու հաշվեհարդարի գործիք՝ Փաշինյանի իշխանությունը պահելու համար:

Այս հրամանն արձակողը, բնականաբար, Հայաստանի գլխավոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է լինի, իսկ տրամաբանությունը հուշում է, որ այս հանցավոր, հակաօրինական հրամանն արձակվել է վերադասի՝ Փաշինյանի իմացությամբ կամ ուղիղ նրա հրահանգով:

Նշենք, Ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձագանքելով պատգամավոր Անի Սամսոնյանի կողմից այս առնչությամբ բարձրացված հարցադրումներին՝ գրավոր հայտնել է, որ «... դիմավարորված անձիք ոստիկանական զորքերի ծառայողներ են, իսկ պաշտպանիչ միջոցների անհրաժեշտությունը բխել է անվտանգության ապահովման նկատառումներից»:

Բայց մինչ այս, լղոզված անորոշ պարզաբանման հետքերով մեր հետաքննությամբ նոր բաներ պարզեցինք․ Yerevan.Today-ին է փոխանցվել տեղեկություն շատ ավելի վտանգավոր հրամանի մասին:

Պարզվում է՝ այդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Արցախը փաստացի կորցնելու ակտի դեմ ընդվզած մեր համաքաղաքացիերի ցույցերը ցրելու և մայրաքաղաքի տարրբեր վայրերից բռնի ուժով ոստիկանական մեքենաներ նրանց խցկելու համար ոստիկանական զորքերը համալրած սույն սևազգեստ դիմակավորված անձիք իրականում բերվել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայից: Նրանք 4-րդ և 5-րդ կուսի կուրսանտներ են, իսկ թե ի՞նչ հանգամանքներում և ում ցուցումով, կամ թույլտվությամբ են նրանք լքել ակադեմիայի տարածքը (խախտել զինվորական կանոնակարգը), ի՞նչ իրավունքով են ՊՆ ռեսուրսը ներգրավվել ոստիկանական գործողություններում, քաղաքական չեզոքության փաստացի խախտմամբ, հասարակական անվտանգության բացակայության պայմաններում՝ սա դեռ կպարզենք առաջիկայում:

Ստացվում է՝ բանակի փաստացի զինվորական ծառայողներ, ապագա սպայական կազմը այսօր լկտիաբար ներմուծվել է ոստիկանական շարքեր, որպեսզի կորսված հողերի ու անհետ կորած զինծառայողների համար անցկացվող ցուցարարներին ջարդով ցրի: ՊՆ-ի տեղեկատվական վերլուծական վարչության պետ Գևորգ Ալթունյանին, մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին Արցախում է, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ