Ժողովրդավարության առաջին, իրական կյանքում ակնհայտ բնութագրիչներից է Ոստիկանության ուժի կիրառման սահմանափակումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացառիկ, ծայրահեղ բացառիկ միջոց է: Անընդունելի է որևէ իրավիճակում դիմադրություն չցուցաբերող կամ փախուստի չդիմող անձի նկատմամբ ծայրահեղ ձևով, անհամաչափ ուժի կիրառումը, որին ականատես ենք եղել այսօր Նարեկի նկատմամբ:
Ակնհայտ է նաև, որ հանրային գործչի նկատմամբ Ոստիկանության կողմից գործողությունները պետք է լինեն առավել քան զուսպ, ինչը բազմիցս էր հայտարարվել Եվրոպական կառույցների կողմից: Ավելին՝ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության նման ձևով ուժ կիրառվել է իբրև միջին ծանրության հանցանքի դեպքի վերաբերյալ, իսկ հենց այդ տվյալն, արդեն իսկ բացառում է նման ձևով ուժի նույնիսկ հիպոթետիկ անհրաժեշտությունը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ ձերբակալել էին Նարեկ Սամսոնյանին, որից հետո ձերբակալել էին նաև Վազգեն Սաղաթելյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը