Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի 36 և 37 տարեկան բնակիչներ խարդախությամբ իրացնում են հուշանվեր-թղթադրամներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզային, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին նրանց հայտնաբերեցին ու ձերբակալեցին:
37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց չորսական 100 և 50 հազարանոց, ութ հատ 10 հազար, 18 հատ 20 հազար դրամանոց և մեկ 100 դոլարանոց հուշանվեր-թղթադրամներ:
Հաղորդում է վերցվել նրանց հանցավոր գործունեությունից տուժած մի տղամարդուց:
Նա իրավապահներին հայտնել է, որ տղամարդիկ հուշանվեր-թղթադրամներով իրենից գնել են 200 հազար դրամի ավտոպահեստամասեր:
Նա նաև նշել է, որ կասկած չառաջացնելու համար տղամարդիկ մոտեցել էին բանկոմատին ու ձևացրել, թե իբր այնտեղից են հանում թղթադրամները:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը