2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում։ 47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել անձրևանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։ Այն, հիշեցնենք, Փաշինյանին չէր դիպել։
Ինչպես նշված է Դատական տեղեկատվական համակարգում, գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հասել օգոստոսի 17-ին։
Կնոջը մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը