23 06 2023

Սուրեն Մանուկյանը հրաժարվել է կալանքի փոխարինմանը տնային կալանքով

Սուրեն Մանուկյանը հրաժարվել է կալանքի փոխարինմանը տնային կալանքով

2023 թ. հունիսի 8-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննարկվել է 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը։

Դատական նիստի ժամանակ նախագահող դատավորի կողմից մի քանի անգամ ուղիղ հարց է ուղղվել (ըստ էության առաջարկ է արվել) Սուրեն Մանուկյանին՝ արդյո՞ք վերջինս համաձայն կլինի խափանման միջոց կալանքի փոխարինմանը  տնային կալանքով, ինչին Սուրեն Մանուկյանը չի համաձայնվել՝ նշելով, որ իր համար ընդունելի չի կարող լինել որևէ տեսակի խափանման միջոց, քան ազատությունն է։

Սուրեն Մանուկյանը նաև հավելել է, որ շուտով նախաքննությունը կավարտվի, գործը կուղարկվի դատարան, որտեղ ամեն ինչ կպարզվի, և ինքը վերջնականապես կազատվի թե՛ կալանքից, թե՛ ընդհանրապես քրեական հետապնդումից, քանի որ քրեական գործը սկզբից մինչև վերջ շինծու է, և այս գործով վաղ թե ուշ արդարացման դատական ակտն անխուսափելի է։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել տվյալ ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ դեռևս նախաքննության ընթացքում, Սուրեն Մանուկյանը հայտարարել էր, որ առկա են թվով երկու տեսանյութեր, որոնք ինքը կհրապարակի միայն քրեական գործի դռնբաց դատալսումների ժամանակ, և, որոնք լույս կսփռեն այս քրեական գործի բոլոր հանգամանքների վրա, իսկ ավելի վաղ դրանք իր կողմից չեն հրապարակվել՝ դատական նիստերի դռնփակ լինելու և նախաքննական մարմնին չվստահելու պատճառով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ