Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել է։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԱԾ-ն խուզարկել է նրա աշխատասենյակը։
Համաձայն մամուլի՝ մեղադրանքը կապված է կորոնավիրուսի շրջանում պետական ծախսերի արդյունավետության հետ։
Ուշագրավ է այն, որ Գևորգ Սիմոնյանը համարվում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմակիցը։
MediaHub-ը ևս գրում է, որ խուզարկության հիմք է հանդիսացել նաև Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործը՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ։
Կայքը հիշեցնում է, որ քրգործ հարուցվեց ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումների ու Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքների հիման վրա։ 2022թ․-ի մայիսին, երբ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում հանդես եկավ կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի հաշվետվությամբ, պարզվեց, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով եւ այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի շրջանակում 606 մլն դրամի գնումներ է կատարել ընկերությունից, որը պատկանում է առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին:
Ի դեպ, Սիմոնյանը փոխնախարարի պաշտոնին նշանակվել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի Աոռղջապահության նախարար եղած ժամանակ, իսկ սա ենթադրում է, որ նույն հիմքով Դատախազությունը կարող է մտնել Ազգային ժողով՝ Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը