11 11 2022

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված. «Փաստինֆո»

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Գայանե Պապոյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ալեքսանյանը կալանավորվել է հոկտեմբերի 19-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ։ Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել և պաշտպանների, և դատախազի կողմից։

Մասնավորապես, Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։

Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայությունը՝ մի խումբ անձանց կողմից համաձայնության մասով, ինչն էլ վիճարկվել է դատախազի կողմից։

Վերաքննիչ դատարանը մերժել է նաև դատախազի բողոքը, որով վերջինս պահանջում էր հաստատված համարել հիմնավոր կասկածը՝ նշված կետով ևս։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։

Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։ Թե դատավորը, թե փաստաբանը ներկայումս կալանավորված են։ Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի՝ «Ֆազ» մականունով քրեական հեղինակությունը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եղբոր ընկերն է ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ