Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Ավետիք Չալաբյանի գործով հայտնվել է փաստի առաջ: Պարզվում է, որ հուլիսի 27-ին ժամը 21:00-ին լրանում է քաղաքական, հանրային գործիչ Չալաբյանի կալանքի ժամկետը, իսկ դատավորը փորձում է ամեն կերպ դա թույլ չտալ:
Մեզ հետ զրույցում Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի այսօրվա դատական նիստի ժամանակ: Նշենք, որ այսօր ժամը 16:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է դատական նիստը:
Առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հուլիսի 26-ին, որի ժամանակ պաշտպանական կողմը պատշաճ կարգով և ողջամիտ ժամկետներում ծանուցված չլինելով վարույթի նյութերին, նշեց, որ նման պայմաններում չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել և հեռացավ դահլիճից։ Մեկ ժամ ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց առանց պաշտպանների, Չալաբյանն ասաց, որ առանց պաշտպանների չի ցանկանում նիստին մասնակցել և այն հետաձգվեց:
«Պաշտպանությունն ինքնանպատակ չի, պաշտպանվելիս պետք է իմանաս ինչի դեմ ես պաշտպանվում, իսկ եթե քեզ չեն տալիս այն բովանդակությունը, ինչի դեմ որ պետք է պաշտպանվես, ստացվում է, որ պաշտպանությունը ֆորմալ բնույթ է կրում: Մենք որոշեցինք այդ տարբերությունը վերացնել, որպեսզի ոչ ֆորմալ առումով լինի պաշտպան, ոչ էլ դե ֆակտո: Դատավորը կարծում էր, որ մենք ձեռքներս ծալած պետք է նստեինք, ինքն էլ շարունակեր իր ապօրինությունները»,-ասաց Վարազդատ Հարությունյանը:
Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ չի բացառվում նաև, որ այսօր ևս Մնացական Մարտիրոսյանը կփորձի արագ-արագ բոլոր հարցերի վրայով անցնել, որպեսզի Ավետիք Չալաբյանը ազատ չարձակվի: Այսինքն նորից երկարաձգի կալանքի ժամկետը: Հնարավոր այլ սցենարների մասով պաշտպանը փակագծեր չբացեց, միայն արձանագրեց, որ դատավորը դժվար կացության մեջ է հայտնվել:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ավետիք Չալաբյանի նկատմամաբ ուղիղ հրահանգով հետապնդում է իրկանացվում, իսկ մենք դա թույլ չենք տալու»,-եզրափակեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը