168․am-ը գրում է․
«Վերջերս ես թերթում էի ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով ՀՀ-ն ԱԳ երկրներում առաջատար դիրքեր ունի, և այդ ցանկում է նաև «Անկախ դատական համակարգ» ենթավերագիրը կամ վերնագիրը:
Այսինքն՝ մի կողմից լավ է, որ մենք ընդհանրապես, այսպես ասած, ինքներս մեզնից ավելին եք պահանջում միշտ, բայց մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ այստեղ մենք մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ՝ ունենք շատ էական առաջընթաց»,- կառավարության հերթական նիստում անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանից հետաքրքրվեց Արևելյան գործընկերության զեկույցում տեղ գտած գնահատականների ու ՀՀ գործող իշխանությունների առնչությունների մասին:
Ի պատասխան՝ նա հիշեցրեց, որ ավելի վաղ հայտարարությամբ անդրադարձ է կատարել է այդ կառույցի գնահատականին և այսօր վերահաստատում է.
«Կոնկրետ դատավորների անուններ էի նշել, որոնց շնորհիվ մեր երկրի դատական համակարգը ճանաչվել է լավագույնը տարածաշրջանում: Համենայն դեպս, դա որևէ կերպ կապված չէ 2018 թվականի իշխանափոխության հետ, որովհետև այդ դատավորները նույն կերպ են աշխատել՝ ինչպես մինչև 2018 թիվը, այնպես էլ՝ դրանից հետո:
Եթե Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ցանկանում են դա կապել ինչ-որ կառույցի կամ անձի հետ՝ այդպես չէ. ո՛չ Արդարադատության նախարար, ո՛չ վարչապետ, ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդ, այդ դատավորները նույնն են»:
Հիշեցնենք՝ ՀՀ դատավորների միության նախագահը մայիսի 5-ին հայտարարությամբ դիմել էր միջազգային կառույցներին՝ ՀՀ-ում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցով: Հրապարակման մեջ Ալեքսանդր Ազարյանը շեշտել էր տարբեր վարույթներով թիրախավորվող դատավորներ Արման Հովհաննիսյանի, Վարդան Գրիգորյանի, Դավիթ Գրիգորյանի, Լուսինե Աբգարյանի, Զարուհի Նախշքարյանի, Սերգեյ Մարաբյանի, Վազգեն Ռշտունու, Դանիել Դանիելյանի, Լիզա Գրիգորյանի մասին՝ նկատելով. «Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ հենց վերոհիշյալ դատավորների աշխատանքի արդյունքում է Հայաստանի դատական համակարգն ամենաանկախը ճանաչվել Արևելյան գործընկերության անդամ երկրների շրջանում՝ 2020-2021 թվականների ընդհանուր գնահատման արդյունքներով»:
Այս իշխանությունների ձեռնարկած դատական բարեփոխումների գործընթացի, այդ հարցում Փաշինյանի հավաստմամբ՝ միջազգային գործընկերների արձանագրած էական առաջընթացի մասին մեր դիտարկումներին Ալեքսանդր Ազարյանը արձագանքեց սարկազմով.
«Իհարկե, «առաջընթաց» կա՝ դատարանների դռներն են արգելափակվում, իրենց կամքը չկատարող դատավորների նկատմամբ վարույթներ են հարուցվում, քրեական գործեր են հարուցվում և այլն. այն կա, ինչ չկար նախկինում»:
Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ ընդամենն ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ ամերիկյան The Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը հետընթաց էր ապրել, իսկ պատճառների թվում էր՝ իրավունքի գերակայության ոլորտում արված հետազոտության պատկերը. վերլուծությամբ արձանագրվում է, որ, օրինակ, «դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցությունների, դատական ինստիտուտները խարխլված են անարդյունավետությամբ և համակարգային կոռուպցիայով, և չնայած իշխանության հակակոռուպցիոն ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային»:
Ի դեպ, 2020 թվականի մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հրապարակել էր 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որում պատվավոր հորիզոնական էր հատկացրել նաև Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում արձանագրված արդյունքին. 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ:
Իսկ այսօր «Նոր Հայաստանի» մասին հարյուր փաստերը չեն բարձրաձայնվում՝ գուցե նաև այն պատճառով, որ դրանք չկան, իսկ եղածներն էլ չեն դիմանում ժամանակի քննությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը