ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք:
22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը