27 08 2021

«Որդուս տնօրեն նշանակողները հաց չեն ուտում, խոտ են ուտում»․ Դենդրոպարկի տնօրենի մայր



 

«Ինչի՞ համար են էս վատությունն իմ որդուն անում, ես գիտեմ սրա տակն ինչ կա․․․  իրա վիճակը գիտեն, դրա համար են նշանակում, բա ինչի՞ չեն մեկ ուրիշին Երևանից բերում դարձնում Դենդրոպարկի տնօրեն։ Որդուս նշանակող մարդիկ հաց չեն ուտում, խոտ են ուտում, ինչի իրենք չգիտեի՞ն որ ինքը ի վիճակի չէ, որ մեզ մեծ մեղքի տակ են գցում»,- իր որդուն Դենդրոպարկի տնօրեն նշանակելու դեմ ընդվզում է իջևանցի տիկին Կատյան։

Իջևանի դենդրոպարկի շուրջ կրքեր են բորբոքվել, Նիկոլ Փաշինյանի այստեղ կատարած այցից հետո պաշտոնանկ է արվել 32 տարվա տնօրեն Մեխակ Սայադյանը, փոխարենը 15 հեկտար մակերեսով յուրահատուկ ծառերի անտառը տնօրինում է պահակ Վարդանը։

Թերուս պահակին, որն ունի նաև առողջական լուրջ խնդիրներ, կասկածելի հանգամանքներում կանչել են Երևան, դիմացը սպիտակ թուղթ են դրել, ստորագրություն պահանջել ու դարձրել են Դենդրոպարկի տնօրեն: Դենդրոպարկի 15 տարվա պահակ Վարդան Խեչումյանի մայրն իր որդու նշանակումից խիստ անհանգստացած է, վախենում է, որ որդու «գլխին կսարքեն»։

Հանցավոր սխեմայի մասին է  ակնարկում Կատյա Խոջումյանը՝ սլաքներն ուղղելով դեպի իշխանական վերնախավ, ասում է՝ որդուս ձեռքով բիզնես-պրոեկտների համար հող կստեղծեն, մեզ կգցեն դատարանի դռներ։

Տիկին Կատյայի  պնդում է, որ որդուն սպիտակ թուղթ են դեմ արել, ստորագրել է՝ ո՛չ դրա պատասխանատվության բեռն է հասկանում, ո՛չ էլ ի վիճակի է դա կրել։

Կցկտուր տեղեկություններ կան, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այստեղ Աղստև գետի եզրով մեկ փռված Դենդրոպարկում ուզում է ձիարշավարան հիմնել՝ Իջևանի կոնյակի-գինում գործարանի սեփականատիրոջ հետ համատեղ։

Այս գործարանն էլ, ի դեպ, Աղստև գետի մյուս ափին է գտնվում, ավելին՝ գործարարի ու Դենդրոպարկի նախկին տնօրենի միջև անցած տարվանից լուռ հակամարտություն կա, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց Մեխակ Սայադյանի պաշտոնանկությանը։

Սկանդալը շարունակվում է։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ