Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականներից մեկի՝ քրգործերով «խմբագիր և քննիչներին ուղղորդող» Աննա Վարդապետյանի դեմ առաջին ցուցմունք տվողն է մտել Ազգային անվտանգության ծառայության շենք:
Yerevan.Today-ին հայտնի է դարձել կառավարության շենքից հրահանգավորումներին առաջին «դիմադրողի» անունը: Խոսքը Ոստիկանության 6-րդ վարչության բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի մասին է:
Սա այն պաշտոնյան է, որի անունը առաջին անգամ մամուլում հայտնվեց ս/թ մարտի 10-ին՝ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի «սխրագործությունների» մասին սկանդալային տեսանյութում:
Հիշեցնենք, ինչ-որ մեկը գաղտնի կոտրել էր վարչապետի օգնականի էլփոստը և այնտեղից ներբեռնել փաստեր, որոնք սույն պաշտոնյայի կողմից հանցագործությունների շղթա է բացահայտում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կառավարության պաշտոնյան միջամտում և ուղղորդում Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությունը: Մասնավորաբար, սույն գործով քննիչ Արթուր Այվազյանի ու Ոստիկանության 6-րդ վարչության բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի հետ էլեկտրոնային նամակագրությամբ վարչապետի օգնականը հանձնարարականներ է տալիս Հայրապետյանին ու նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ Աղմկահարույց տեսանյութում երևում է, թե ինչպես է պաշտոնյաների հանցախումբը թիմի ներսում Հայրապետյանի բանկային գաղտնիքի արտահոսքը կազմակերպում և այլ զավեշտալի դրվագներ։ Եվ ահա, այս աղմուկ հանած տեսանյութից անմիջապես հետո Ռուբեն Վարդանյանը միակ պաշտոնատար անձն է եղել, որ համարձակվել է դուրս գալ խաղից և դիմել է ԱԱԾ:
Ընդգծենք, նա իր նախաձեռնությամբ մարտի 12-13-ին առաջինն է թակել ԱԱԾ դուռը և հանգամանորեն պատմել է իշխանական կապերով ստացած և կատարած հրահանգավորումների մասին:
Ուշագրավ է, որ ԱԱԾ-ից Yerevan.Today-ի հարցմանն ի պատասխան հաստատել են մեր տեղեկությունն առ այն, որ Ոստիկանության 6-րդ վարչության բաժնի պետ Ռուբեն Վարդանյանը և ՔԿ ՀԿԳ հետաքննիչ Արթուր Այվազյանը տվել են բացատրություն: Սակայն ԱԱԾ դեպարտամենտից ստացված պաշտոնական գրության մեջ փաստերը, կարծես միտումնավոր, մի քիչ այլ կերպ են մատուցվել:
ԱԱԾ-ն հայտնում է, թե իբր երկու պաշտոնյաներից վերցված բացատրությունները տրվել են Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից հանցագործության մասին հաղորդման հիման վրա: Մինչդեռ մեր աղբյուրը պնդում է, որ Վարդանյանը ինքն է գնացել և ցուցմունք տվել՝ իր կամքով՝ տեսանյութի հանրայնացումից հետո:
Այդ դեպքում, ինչո՞ւ է ԱԱԾ-ն նենգափոխում իրերի դրությունը, գուցե հրահանգները շարունակվո՞ւմ են ստանալ նույն հասցեից: Փաստացի գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն առայժմ վախենում են իրավիճակի տերը դառնալ, իսկ այս գործում «թաթախվածները» վա-բանկ են գնում, ուզում են համոզել, որ կորցնելու բան չունեն։ Հիշեցնենք, սկանդալային տեսանյութից հետո հետախուզություն իրականացնող ու գործով քննիչ Արթուր Այվազյանի, Վարդանյանի և Աննա Վարդապետյանի համակարգիչներն առգրավելու մասին տեղեկատվություն չհրապարակվեց, ԱԱԾ-ն մերժեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը:
Իսկ դա նշանակում է, որ ռեպրեսիաները շարունակվելու են ու գուցե ավելի խտացված տեսարաններով, քանի որ երեկվանից այլևս իշխանակա ռեպրեսիաների խաղերի մեջ առաջին դերակատար է դարձել ԲԴԽ անդամ ու նախագահողի կարգավիճակով հանդես եկող Գագիկ Ջհանգիրյանը:
Օրեր առաջ մամուլը գրել էր, որ վարչապետ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը համագործակցում է Ջհանգիրյանի հետ: Վերջին մեկ ամսում 3 անգամ այցելել էր ԲԴԽ վարչական շենք և հանդիպումներ ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Ընդ որում, նրանք քննարկել են տարբեր քրգործերով կալանքի հարցեր, որոնցով Վարդապետյանի հեռանալուց հետո հետարքրքվել էր Ջհանգիրյանը։ Այսօր Ռուբեն Վարդազարյանի պաշտոնանկությունից հետո Ջհանգիրյանը այլևս որոշումների կենտրոնն է համարվում:
Աննա Վարդապետյանը արտագաղթելու մտադրություններ ունի․ օրեր առաջ գրել էինք, որ սույն տիկինը հապճեպ փաստաթղթեր է սարքում, ճամպրուկային տրամադրություների մեջ է, կմեկնի Լոնդոն: Իսկ նրա սև գործը հետագծով կշարունակի ու այդ ամենի պատասխանատվության տակ կմնա Գագիկ Ջհանգիրյանը: Չմոռանանք, արտահոսքերը շարունակվում են, և դեռ հայտնի չէ ինչ նոր փաստեր ջրի երես դուրս կգան: Վերջին ձայնագրության մեջ քննիչները հանձնարարականներով պատրաստվում էին դիմավորել Աննա Վարդապետյանին, գուցե հաջորդը հենց Գագիկ Ջհանգիրյանի ուղղորդումների մասին լինի:
Ակնհայտ է, որ այսպիսի ինֆորմացիոն արտահոսքերը, մանավանդ ընտրությունների շեմին, պատահական չեն:
Չի բացառվում՝ իրավապահ համակարգի ներսից իշխանական բուրգը պայթեցնելու ակտիվ փորձեր են արվում և եթե շարունակեն, կհաջողեն վստահաբար, մնում է ԱԱԾ պետը չընդդիմանա դրան:
Այս բոլոր ձայնագրությունները ծանրակշիռ փաստեր են, որ ապացուցում են՝ վարչապետի կաբինետից դուրս են գալիս նախկին իշխանության գործիչների դեմ ռեպրեսիաների գծած սցենարներ, ենթադրաբար նպատակը այն է, որ ընտրություների շեմին «ասֆալտին ծեփելու» տեսարաններ ապահովեն: Բայց եթե հավատալու լինենք շրջանառվող լուրերին, ապա առաջիկայում ավելի տպավորիչ գործիքակազմով ու նոր արտահոսքերով որոշ անհատներ ներսից վարչապետի թիկունքը պահող իրավապահ համակարգը կպայթեցնեն:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը