18 05 2020

Հերթական հրաժարականը. Մանրամասներ՝ նախարարի հետ կոնֆլիկտից

Հերթական հրաժարականը. Մանրամասներ՝ նախարարի հետ կոնֆլիկտից

 Ուրբաթ օրը պաշտոնանկ արվեց հերթական հեղափոխական պաշտոնյան որն հայտնի է որպես իշխանությունում «սորոսական» թևի ներկայացուցիչ։ Ըստ պաշտոնական  մատուցման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին վարչապետն ազատել է իր դիմումի համաձայն։ 

Տրամաբանությունը հուշում է, որ Գեմաֆին Գասպարյանը բնավ էլ իր որոշմամբ չի հեռացել, չէ որ սորոսական կադրերի համար պետական համակարգում լինելը և ներսից ԳՈՐԾԵԼԸ հանձնառության պես մի բան է՝ իրենց վերադասից, հետևաբար ենթադրվում է, որ նրան ասվել է՝  հրաժարական տուր-հեռացիր, ինքն էլ ստիպված է գրել ու լքել համակարգը: Նշենք, որ փոխնախարարի պաշտոնանկության պատճառը ամենևին էլ իր կուրացիայի տակ գործող ծերանոցի վարակման դեպքը չէ՝  ինչպես եզրակացնում են շատերը, այլ նախարարությունից ինֆորմացիոն արտահոսքը հուշում է որ նախարար Բաթոյանի հետ տեղի ունեցած լուրջ կոնֆիկտի մասին:

Yerevan․Today-ին հայտնի է դարձել, որ մոտ տասն օր առաջ նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը կանչվել է Զառա Բաթոյանի աշխատասենյակ, ինչ-ինչ հարցերի շուրջ նրանք բարձրաձայն վիճել են, որից հետո փոխնախարարը զայրացած դուրս է եկել նրա սենյակից ու ազատման դիմում է գրել:

Ի դեպ, նախարարի հետ անհարթ հարաբերությունների մասին ակնարկը ընդգծվում էր նաև փոխնախարարի ֆեյսբուքյան գրառման տողատակերում, նա իր տեքստում բառացիորեն անտեսել էր նախարար Բաթոյանին, նախարարությանը ևս, իր երախտիքը հայտնել էր միմիայն իրեն նշանակած անձին՝ վստահության համար:

Փոխնախարարի ազատման դիմումը պաշտոնապես վարչապետին է ներկայացվել շատ ավելի ուշ՝ մայիսի 15-ին՝ որոշակի պարիտետ պահելու նկատառումով, որպեսզի չստացվի, թե պետական պաշտոնյան պոստը լքում է երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Նախարարության աղբյուրները պնդում են, որ Գեմաֆին Գասպարյանի ու նախարար Բաթոյանի հարաբերությունները վաղուց հարթ չէին, իսկ որն է եղել վերջին կաթիլը՝ չգիտեն: Խոսք է գնում ՊՈԱԿ-ների սննդի մատակարարումների ու վերաբաշխման  գործընթացում հայտնաբերված որոշակի շեղումների մասին, այս ոլորտը հեղափոխությունից հետո Գեմաֆին Գասպարյանն էր համակարգում՝ որպես առաջին տեղակալ:

Նշենք, նախկին նախարար Արտեմ Ասատրյանը մանկատների և տուն ինտերնատներների  մատակարարումների գործընթացը վերահսկելի դարձնելու համար որոշեց 2018-ից գնումների գործընթացը կենտրոնացնել նախարարության ձեռքում, որպեսզի կոռուպցիոն սխեմաների հնարավորությունը բացառի՝ մատակարարներ-ՊՈԱԿ կոնտակտի միջև:

Եվ ահա այստեղ էլ, ենթադրաբար, խնդիր է ձագել: Ի՞նչ կիկսեր են դրանք, չարաշահումնե՞ր են, փոխնախարարը չի՞ կարողացել վերահսկե՞լ իր կուրացիայի տակ գործող ՊՈԱԿ-ներին, թե՞ ինքն է անձամբ թաթախված գնումների գործընթացում, հետաքրքրվեցինք աղբյուրից, մանրամասներ չհայտնեց:

Մեր ունեցած տեղեկությունը նախարարությունը չհաստատեց, միևնույն ժամանակ խուսափեց  փոխախարարի ազատման պատճառը նշել, հորդորեցին, թե ճշտեք իրենից: Գեմաֆին Գասպարյանը ևս խուսափողական պատասխան տվեց, լարվածությունից սկսեց լրագրողիս տիկին Բաթոյանով դիմել. «Ես չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում տիկին Բաթոյան, բայց դա ընդհանրապես կապ չունի իմ դուրս գալու հետ, ընդհանրապես, հասկանու՞մ եք, իմ ազատման հարցով դիմեք նախարարություն, մոտ ապագայում մեկնաբանությունները կլինեն՝ իմ որոշման հետ կապված, այս պահին ավելին ասել չեմ կարող»,- շփոթված արագ պատասխանեց նախկին պաշտոնյան ու անջատեց հեռախոսը:   

Փաստն այն է, որ սորոսական ակունքներից սնված փոխնախարարը չդիմացավ նույնպես «սորոսական» համարվող նախարար Զառա Բաթոյանի գործելաոճին, և ինչպես տեսնում ենք՝ իրավիճակը չի փրկել անգամ այս երկու պաշտոնյաների ընդհանրությունները՝ արժեհամակարգային մտածողության և ընկալումների իմաստով:

Հիշեցնենք, նույն կերպ ամիսներ առաջ Զառա Բաթոյանի հետ համագործակցությունը կիսատ թողեց և անակնկալ կերպով հեռացավ սոցապի մյուս փոխնախարարը՝ Ժաննա Անդրեասյանը, որին համակարգում թերևս ամենից շատն էին ընդունում: Մեր գործընկեր Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը, նկատենք, այդպես էլ մինչ օրս չհիմնավորեց իր տեղափոխումը՝ սոցապից, կրթության և գիտության համակարգ։ Ի՞նչ խորքային պատճառներ ուներ, արդյո՞ք նույն անհաշտությունն էր՝ նախարար Բաթոյանի հետ, Զառա Բաթոյանը նույնպես ձեռնպահ է մնացել մեկնաբանելուց: Ընդ որում՝ ֆիքսենք՝ Ժաննա Անդրեասյանի հրաժարականից հետո սոցապում այդ պաշտոնը ամիսներով թափուր էր մնացել, միայն օրեր առաջ վարչապետը համապատասխան նշանակում արեց:  

Մի կարևոր դիտարկում ևս. Ժաննա Անդրեասյանին ևս ասոցացնում են սորոսական շրջանակների հետ, այսօր նա ԿԳՄՍ փոխնախարար է դարձել, իսկ հեղաոխությունից առաջ Գեմաֆին Գասպարյանի հետ սերտորեն համագործակցում էր բուն TV –ի շրջանակներում։ 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ