17 04 2019

ՀՔԾ-ի փաստաբանը մոտենում է Սահմանադրական դատարանին

ՀՔԾ-ի փաստաբանը մոտենում է Սահմանադրական դատարանին

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի լրացումն ընթանում է այն վատագույն սցենարով ու ճանապարհով, ինչի մասին արդեն նախապես գրում էինք մենք և ուրիշները։

Գոռ Հովհաննիսյանը չդարձավ ՍԴ դատավոր։ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը, կոմունիստական ավանդույթների համաձայն, դեմ էր։

Փաստից կարելի է անել մի քանի եզրահանգում։

Խորհրդարանը վարկաբեկում է նախագահի ինստիուտը՝ նրա ներկայացրած պրոֆեսիոնալ իրավաբանին թեկնածությունը մերժելով՝ առանց լուրջ հիմնավորման։

Խորհրդարանը վարկաբեկում է սահմանադրական դատարանի ինստիտուտը, քանի որ արդեն երկար ժամաակ է՝ ամբողջությամբ լրացված չէ բարձրագույն դատարանի կազմը։

Պարզից պարզ է, որ սա մասնագիտական որոշում չէր, այլ՝ քաղաքական։ Թեկուզ տիեզերական մասշտաբի իրավաբան լիներ Գոռ Հովհաննիսյանը, չէր ընտրվելու։ Ավելին, երկար-բարակ հարցաքննություննը պարզապես ժամանակի կորուստ էր, քանի որ պատգամավորների ճնշող մեծամանությունն այն գիտելիքները չունի՝ ըմբռնելու համար, թե ինչ է ասում թեկնածուն իրենց տված հարցերին պատասխանելիս։ Այստեղ հարցը հետևյալն էր՝ յուրայի՞ն է, թե՞ ոչ։ Յուրային նշանակում է՝ լևոնա-նիկոլակա՞ն է, թե՞՝ ոչ։ Չընտրվեց, որովհետև այդպիսին չէր։ Պրոֆեսիոնալիզմից առավել կարևորը քաղաքական պատկանելությունն է։ Որակը չորրորդական է։ Այդ մասին փաստում է իշխանության որդեգրած կադրային ջարդը և պետական համակարգը դիլետանտ քայլարածներով լցնելու փաստը։

Իսկ ՍԴ դատավորի տեղը, ըստ ամենայնի, արդեն ունի իր տերը։ Այդ տիրոջ անունը վաղուց է շրջանառվում՝ սկանդալային փաստաբան Վահե Գրիգորյան, որը համարվում է ուղն ու ծուծով լևոնական, որը ՀՔԾ-ի գործողություններին արդարացումներ գտնողն է, որին մերկացրին հենց ՀՔԾ և ԱԱԾ տնօրենները՝ հայտնի հեռախոսազրույցում, և որը պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ լևոնա-նիկոլական իղձերի իրականացմանն օգնի։

Ո՞վ է Վահե Գրիգորյանը, շատ առիթներով է խոսվել։ Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, տեր-պետրոսյանական թևի շահերն էր ներկայացնում Սահմանադրական դատարանում, Եվրադատարանում և այլուր։ Ո՞վ է հետիշխանափոխական ժամանակաշրջանում, այդ մասին էլ բազմիցս գրվեց՝ փաստաբան, որը հանդես է գալիս ՀՔԾ պատվերով՝ ելույթներ է ունենում, հարցազրույցներ տալիս, երբ պետք է իշխանությանը և երբ պետք է, որ Սասուն Խաչատրյանը չխոսի, բայց ասելիքը ներկայացվի։

Հիշենք երկխոսությունը․

«Սասուն Խաչատրյան – Ընգեր որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:

Արթուր Վանեցյան – Ահա, ահա:

Սասուն Խաչատրյան – Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի:

Արթուր Վանեցյան – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ, թող խոսա:

Սասուն Խաչատրյան - Հա, Վահեն կխոսա ախպեր ջան: Որպես փորձագետ նաև ինքը Եվրոդատարանում ա, չէ՞ ներկայացնում»:

Նախորդիվ վերլուծելով իրավիճակը, նշել էինք հնարավոր սցենար, որ գուցե իշխանությունն առայժմ ձեռնպահ մնա Վահե Գրիգորյանին ՍԴ անդամ առաջադրելու քայլից, քանի որ Ռոբերտ Քոչարյանի գործը մտնում է դատավարական փուլ, որտեղ Գրիգորյանի օգնությունը պետք կգա ՀՔԾ-ին։ Մյուս կողմից, 76 հատոր գործի մի մասին ծանոթանալով իսկ փաստաբանները նշում են, որ գործը տապալված է, մեղադրանքը քանդվում է։ Ուրեմն իշխանությանը չի փրկի և ոչ մի «ՀՔԾ-ի Վահե»։ Իսկ եթե այժմ նա չընտրվի ՍԴ անդամ, հաջորդ 6 տարիներին այդ պաշտոնը թափուր չի լինի։ Եվ ուրեմն հիմա է նրան փոխհատուցելու ժամանակը։

Ինչպես ասում են, գնդակը նախագահի դարպասում է, և նա պետք է կայացնի չափազանց լուրջ որոշում։ Որ Նիկոլ Փաշինյանը, պատահականորեն խորհրդարանում հայտնվածների իր թիմով, չի հարգում նախագահի ինստիտուտը, ավելին՝ մշտապես փորձում է վարկաբեկել, արդեն ակնհայտ է։

Բայց հիմա հարց է այն՝ նախագահն ինքը կհարգի՞ իրեն։ Իրեն պարտադրվում է թեկնածու, որին պետք է ներկայացնի խորհրդարան։ Ստացվում է՝ Նախագահը սեփական կամքով թեկնածու առաջադրել չի կարող, և անգամ մեկ դատավորի նշանակման հարցում կախման մեջ է նորելուկ իմքայլականներից։ Արմեն Սարգսյանը պետք է ենթարկվի, ասենք, Թագուհի Ղազարյանի կամ Մխիթար Հայրապետյանի կամքին։ Իսկ սա աբսուրդ է։

Արմեն Սարգսյանը, կատարելով լևոնա-նիկոլական պահանջը, առաջադրում է թեկնածու մեկին, որն իրեն համարում է ոչ լեգիտիմ։ Վահե Գրիգորյանն ինքը մեծ կարմիր գիծ է քաշել իր մասնագիտական որակի վրա․ նորմալ մասնագետը, նորմալ քաղաքացին կհրաժարվեր լինել թեկնածուն մի պաշտոնյայի, որին համարում է ոչ լեգիտիմ։ Որովհետև եթե Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ՝ որպես նախագահ, լեգիտիմ չէ նաև նրա թեկնածուն։ Բայց Վահե Գրիգորյաի համար սա կարևոր չէ, կարևորը պաշտոնն է, որին հասնելու համար, կարծես, ոչ մի բարոյական կամ սկզբունքային թեմա չի խանգարում։

Արմեն Սարգսյանն այսօր միայնակ է փաշինյանա-լևոնական խմբավորման դիմաց, ու ինքը պետք է որոշի՝ անձամբ հարգե՞լ իր ինստիտուտն ու իր անձը, թե՞ թողնել, որ նրա հետ վարվեն ինչպես ուզում են։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ