13 12 2018

Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն Արցախի հետ

Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն Արցախի հետ

Դեկտեմբերի 12-ի երեկոյան կայծակնային տարածվեց լուրն Արցախում կադրային փոփոխությունների մասին։ Ըստ «Հրապարակ»-ի՝ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանն էլ կհետևեն նրան։

Լևոն Մնացականյանն ասել է, թե դիմում չի գրել, Արցախի նախագահի խոսնակն էլ ասել է, որ եթե լինեն դիմումներ, կիմանաք։ Լուրը կտրականապես չի հերքել, իսկ ծուխը, ինչպես ասում են, առանց կրակի չի լինում։ Գուցե խոսակցությունները շրջնառվում են քաղաքացիների «բերանի գոլը» իմանալու համար։ Վերաբերմունքը, պարզվեց, խիստ բացասական է։ Արցախում խաղաղությանը պետք է ոչինչ չխանգարի, այդ թվում՝ Հայաստանում կատարվածը։

Բայց Արցախից եկող լուրերը՝ նախագահական նստավայրում քննարկումների մասին, չափազանց դժվարամարս են։

«Փաշինյանը սկսեց Արցախի դեմ հակամարտությունը»․ այսպես էր վերնագրված մեր հոդվածը՝ հրապարակված նոյեմբերի 29-ին։ 

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց Արցախի ղեկավարության վրա, հասկանալի էր, որ Հայաստանում ընտրություններից անմիջապես հետո Արցախում գործընթացներ են զարգանալու։ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանին սպառնալիք էր ուղղել․ «Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»:

Պատճառն այն է, որ ՔՊ-ից միակ «շնորհքին կռվածը» Սասուն Միքայելյանն է, նրան էլ բան են ասել։ Դա աններելի է պաշտոնակատարի համար, հետո՞ ինչ, որ Արցախից մտահոգ հայտարարություններ էին հնչել մարդկանց անունից, որոնք էլ հենց, ըստ շրջանառվող լուրերի, հեռացման վտանգի տակ են՝ Վիտալի Բալասանյան, Արշավիր Ղարամյան և այլք։

Արցախում իշխանության ապագայի հարցը քննարկում են արդեն երկու օր։ Մամուլը գրեց, որ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Հայաստան է եկել՝ կադրային փոփոխությունների հարցերով, հիմա էլ Արցախում են հարցերը քննարկում։

Արցախի նախագահի խոսնակը Բակո Սահակյանի երևանյան այցի մասին հարցին ուշագրավ պատասխան է տվել․ «Այս պահին Բակո Սահակյանն իր աշխատանքային գրաֆիկով աշխատում է և Արցախում է»: Այն, որ այս պահին Բակո Սահակյանն Արցախում է և առավել ևս իր աշխատասենյակում, այն էլ՝ աշխատում է, թեև չափազանց բարի լուր է, բայց բոլորովին չի նշանակում, թե նա այսօր Երևանում չի եղել։ Ավելին, ինչպես ավելի ուշ արցախի նախագահականը հայտարարեց, Բակո Սահակյանը Հայաստանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին։

Իրականությունն այն է, որ Արցախում մեծ խառնակչություն է տեղի ունենում։ Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հայտնի է։ Նրանք Հայաստանում փորձում են ազատվել Արցախի հարցում ծանրակշիռ դիրքորոշում ու ներդրում ունեցած անձանցից՝ ղեկավարներից ու գեներալներից, ու հիմա անցել են Արցախին։ Արցախի պետական կարևոր պաշտոններում կան ինքնուրույն տեսակետ ունեցող ու գործող մի շարք մարդիկ, որոնք դուր չեն գալիս Հայաստանի ղեկավարությանը։ Որքան էլ Արցախն անկախ պետություն է, այնուամենայնիվ պարզ է, որ ԱԱԽ քարտուղարը կամ Պաշտպանության նախարարը չեն կարող առանց Հայաստանի ղեկավարի համաձայնության կամ խորհրդակցելով նշանակվել։ Իսկ Հայաստանի փաստացի ղեկավարը, կառավարությունը լցնելով բազմաթիվ կառավարելի կամակատարներով, այժմ ցանկանում է նույնն անել Արցախում։ Իշխանության կառավարելիությունը երևի արդարացված է, բայց պետության և հատկապես անվտանգության հարցերում առավել կարևոր է այդ տեղերում լինեն մարդիկ, որոնք բավականին փորձ, գիտելիք և նաև կամային հատկանիշներ ունեն ճիշտ ժամանակին որոշումներ կայացնելու, այլ ոչ ամեն հարցով զանգելու ՀՀ վարչապետին, թե՝ ո՞նց անենք։ Այդ տեսակը մեզ ուղակի անհրաժեշտ է բացառել, գոնե Արցախում, գոնե այդ պաշտոններում։

Այստեղ ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում նախկին պետնախարար, համատեղությամբ «տաղանդավոր» գործարար Արայիկ Հարությունյանը։ Երբ նա ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից, հասկանալի էր, որ նպատակը ոչ թե երկրում ծանր մթնոլորտն ու բողոքը հարթելն էր, որն առաջացել էր ԱԱԾ աշխատողների հետ քաղաքացիների բախումից, այլ Հայաստանի իշխանափոխությամբ ոգևորված՝ թափ հավաքելը 2020 թվականին նախագահ դառնալու համար։ Արայիկ Հարությունյանը գործարար է, որին, ըստ բազմաթիվ հրապարակումների, պատկանում են Արցախում եկամուտ բերող բազմաթիվ բիզնեսներ։ Նա իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին անվերապահորեն հայտնեց ամենասկզբում, և նա, որպես խիստ հարմարվող թեկնածու, միանգամայն կարող է անխափան աշխատել Հայաստանի հետ և կատարել Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները՝ անգամ Արցախում դպրոցի տնօրեն նշանակելու հարցում։ Բայց Արցախը չի կարելի համեմատել Հայաստանի հետ, այնտեղ նմանատիպ փոփոխությունը, բնականաբար, կոգևորի հարևան Ադրբեջանի ղեկավարությանը։ Իսկ եթե նաև Մնացականյանի, Բալասանյանի և Ղարամյանի հարցերն էլ նույն տրամաբանությամբ լուծվեն, պատերազմի վերսկսման հավանականությունը տասնյակ անգամով կավելանա։ Ասել է, թե ուժերի հավասարակշռությունն էլ ավելի կխախտվի՝ հօգուտ Ալիևի։

Բոլորովին չի բացառվում, որ հենց այսօր հրաժարական տա Բակո Սահակյանը, մանավանդ որ այդ հարցն այժմ քննարկվում է նախագահի մոտ։ Որ պատերազմական վիճակում գտնվող Արցախում այս պահին խժդժություններ մտցնելը, վաստակ ունեցող գեներալների պաշտոնանկությունը պարտադրելը կործանարար հետևանքներ կունենա, կարծում եմ վստահ են բոլորը, շարքային քաղաքացուց սկսած, հուսով եմ՝ մինչ վարչապետ։

Ու պատճառն այն է, որ Հայաստանի նորօրյա իշխանությանը պետք չեն սեփական կարծիք ունեցողներ։

Որ նշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը պետությունը քանդում է հենց հիմքերից, հենց սա նկատի ունենք։

Չի բացառվում, որ կան այլ, էլ ավելի լուրջ պատճառներ, որոնց մասին դեռ կխոսենք։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ