14 10 2021

Եթե չպատվաստվածների բուժումը դարձնեն վճարովի, մենք տնային մահեր ենք ունենալու․ Էդուարդ Հովհաննիսյան

Եթե չպատվաստվածների բուժումը դարձնեն վճարովի, մենք տնային մահեր ենք ունենալու․ Էդուարդ Հովհաննիսյան

Չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին նախագիծը համարում եմ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում և հույս ունեմ, որ այն ի վերջո, չի ընդունվի: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Նշենք, որ օրեր առաջ առողջապահության նախարարի խոսնակն էր լրատվամիջոցի հետ զրույցում ասել, որ չպատվաստված և  կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի՝ արժենալով շուրջ 800 հազար դրամ։

Մեր զրուցակցի խոսքով՝ սա անհասկանալի որոշում է, որն արդեն մոտենում է ֆաշիզմին․ «Ինչպե՞ս կարելի է չբուժել և բուժման սահմանափակում մտցնել։  Այսինքն, եթե մարդ փող չունի, մենք իրեն դատապարտո՞ւմ ենք՝ ծանր ընթացքի կամ մահվան։ Փաստորեն, եթե մարդ գումար չունի, չենք բուժելու, ստացվում է, որ պատվաստման պարտադրանքը դառնում է մահվան սպառնալիքով՝ ինչ-որ չափով»։

Բժիշկը նաև ընդգծում է, որ եթե այս որոշումը մտնի ուժի մեջ, հետևանքները ծանր կլինեն․ «Անհասկանալի է, թե ինչպե՞ս է որոշում կայացվելու, օրինակ՝ ես այսօր գնացել եմ, հերթ եմ կանգնել պատվաստման, չեմ կարողացել ու այսօր արդեն վարակված եմ, հիմա ինձ չե՞ն բուժելու, ո՞նց է այդ որոշումը կայացվելու, ո՞վ է այդ որոշումը կայացնելու  և  ո՞վ ունի այդքան պատասխանատվություն, որ կարող է մերժել մարդուն և ասի՝ գնա գումարը բեր, եթե գումարը չես բերում, մենք քեզ չենք բուժելու։ Դա ամենաաբսուրդ որոշումներից է, որը  հուսով եմ՝ չի ընդունվի, կսթափվեն որոշում կայացնողները։ Չնայած, մեզ մոտ որոշումները կայացնում են և հաշվի չեն առնում հետևանքները, բոլոր հնարավոր զարգացումները։ Սա շատ ծանր որոշում է, մենք տնային մահեր ենք ունենալու»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ