24 09 2020

8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում․ ՊԵԿ նախագահ

8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում․ ՊԵԿ նախագահ

Մենք առաջիկայում կամփոփենք երրորդ եռամսյակը, 9 ամիսների վերաբերյալ կներկայացնենք հաշվետվություն, կանդրադառնանք նաև հարկային հավաքագրումներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Ընդհանոււր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո և կառավարելի են: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը և ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում:  Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,-ասաց նա:

Անդրադառանալով ՊԵԿ-ի պարգևավճարներին նա նշեց, որ դրա մասին այնքան է խոսվել, որ այլևս կարիք ու անհրաժեշտություն չի տեսնում դրան անդրադառանալու: Դիտարկմանը, որ ՊԵԿ պարգևավճարները կազմել են 5 մլրդ դրամ, ինչը ավելի շատ է, քան Գյումրի քաղաքի բյուջեն, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ամենևին համեմատելի չեն այդ երկու հարթությունները, և ես առաջարկում եմ պարգևավճարների հարցին այդ կտրվածքով և այդ համեմատությամբ չմոտենալ: ՊԵԿ-ի պարգևավճարները շատ համահունչ են, շատ ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով»:

Հարցին, թե այսինքն եթե պարգևավճար չտաք, նորմալ չե՞ն աշխատի, նա պատասխանեց. «Միայն աշխատավարձը բավարար չէ ՊԵԿ-ի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար»:

Շարքային քաղաքացու համար 68 հազար դրամը բավարա՞ր է, հարցին էլ ասաց. «Դա այլ հարց է, պարգևավճարների ֆոնին բարձրացնելու հարց չէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ