Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Պատերազմի սկսելուն պես որոշել էի ոչ մի մեկնաբանություն կորոնավիրուսի թեմայով չանել։ Սակայն իրավիճակը բարդանում է, իսկ հակահամաճարակային միջոցառումները շարունակում են մնալ դիմակի մակարդակի վրա։ Կարճ թվարկեմ միջոցառումների այն մինիմալ փաթեթը, որոնք կարող են իրականացվել անկախ նրանից պատերազմ է, թե ոչ։
Անհատի կողմից պահանջվող միջոցառումներ՝
1. Վարակման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է.
սահմանափակել շփումը մարդկանց հետ՝ հասցնելով հնարավոր մինիմալ մակարդակի,
- հյուր չգնալ և հյուր չընդունել,
- շփման ժամանակ պահել ֆիզիկական հեռավորությունը,
- 20-30 րոպե զրուցելու փոխարեն սահմանափակվել 3-4 րոպեյով,
- փակ հանրային տարածքներում կրել դիմակ։
2. Չօգտվել գերլցված հանրային տրանսպորտից։
3. Հատուկ ուշադրություն դարձնել սեփական առողջական վիճակին․ ցանկացած գանգատի առաջացման դեպքում, կլինի դա ջերմության բարձրացում, հազ, թուլություն, համի/հոտի զգացողության կորուստ կամ այլ խնդիր, հարկավոր է կտրուկ սահմանափակել շփումը մարդկանց հետ մինչև կարգավիճակի ճշտումը։ Տեղեկացնել գործատուին և դուրս չգալ աշխատանքի։ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԳՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՒՅՆԻՍԿ 37.1 ՋԵՐՄՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ։
4. Հիվանդության հաստատման դեպքում տեղեկացնել բոլոր այն մարդկանց, ում հետ շփվել եք կլինիկական դրսևորումների ի հայտ գալու նախորդ 2-3 օրը և հիվանդության ընթացքում, որպեսզի կոնտակտավոր մարդիկ կարողանան կազմակերպել իրենց կենցաղը՝ նվազեցնելով վարակման շղթայի շարունակության հնարավորությունը։
Գործատուների կողմից՝
1. Գործատուները պետք է հնարավորություն տան աշխատողներին առողջական խնդիրների դեպքում չգալ աշխատանքի մինչև կարգավիճակի ճշտումը։ Պետք է հստակ գիտակցել, որ եթե գործատուն հնարավորություն չտա աշխատողին բացակայել, հիվանդության տարածումը անձնակազմի շրջանում անհնար է լինելու վերահսկել։
2. Հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի։
3. Աշխատակիցների շրջանում վարակման դեպքի հաստատման պարագայում իրականացնել կոնտակտավորների շրջանակի հստակեցում և մեկուսացման կազմակերպում։
Առողջապահության պատասխանատուների կողմից․ զուգահեռ բոլոր իրականացվող միջոցառումների ուժեղացնել հետևյալ միջոցառումները՝
1. Պարտադիր իրականացնել ամենաարդյունավետ հակահամաճարակային միջոցառումը՝ կոնտակտավորների հայտնաբերում/վերաhսկումը (contact traicing): Շատ երկրներում դա իրականացվում է ոչ մասնագետների կողմից։ Դա կարելի է իրականացնել ՏԻՄ-երի, համայնքների, ՀԿ-ների, կամավորների, ոստիկանների և այլ մարմինների միջոցով։ Պարզապես դա պետք է կազմակերպել և ղեկավարել։
2. Մեծացնել թեստավորման ծածկույթը/հասանելիությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը