Նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցին նշել է, որ կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է: «Լավ է, որ այդ առումով աճ չկա, բայց վատ է, որ բացարձակ առումով այդ թվերը մնում են բարձր: Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդն արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանց մեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Զբաղվածությունը շատ բարձր է, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում:
Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սաքրերի տակ: Ժամը 15:00-ի դրությամբ մենք չունենք որևէ պացիենտ, որն ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ: Նաև ունենք 20 պացիենտ, որոնք կարիք ունեն այլ հիվանդանոցներից տեղափոխվել կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող ԲԿ-ներ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, այն, որ ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, դա ևս հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է: «Սովորաբար նման համավարակները տարածվում են պայթյունաձև, բայց մենք նման իրավիճակ չունենք: Այսինքն դիմակների պատշաճ կրելը մեզ մոտ էլ է ապացուցել, որ դրանք արդյունավետ են: Եթե այդպես չլիներ, մենք պատիկներով ավելի շատ դեպքեր կունենայինք: Այսինքն դիմակների կրումն աշխատում է:
Ինչպես առանց կոշիկ հագնելու տնից դուրս չենք գալիս, այնպես էլ պետք է առանց դիմակի դուրս չգանք, չպետք է դիմակն իջեցնենք ու բացենք մեր քիթը»,- ասել է նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը