28 06 2020

Տնից դուրս մի եկեք, ծնունդ մի նշեք, հարազատներին մի այցելեք․ Թորոսյանի կոչը

Տնից դուրս մի եկեք, ծնունդ մի նշեք, հարազատներին մի այցելեք․ Թորոսյանի կոչը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ խոսել է ոչ պարտադրված լոքդաունի մասին, որտեղ վերջինս թվել է, թե որոնք են անհրաժեշտ է գիտակցված լոքդաունի պահանջները․

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։

Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։

Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։

Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։

Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ։

Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։

Սգո միջոցառումներին մասնակցությունը պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել։ Հեռախոսով ասված ցավակցությունը այս համաճարակային վիճակում ավելի արժեքավոր պետք է դիտվի, քան անձամբը։

Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն։

Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու։

Մի այցելեք ձեր հարազատներին, եթե կենսական անհրաժեշտություն չկա, առժամանակ շփվեք հեռավար կապի միջոցներով։ Այդ զոհողությունը պետք է հենց նրանց կյանքը փրկելու համար։

 

Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։

Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը։

Մնացած բոլոր դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։

Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ