Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:
Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):
Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը:
Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները:
Հ.Գ. վաղը մի քանի ժամով անձամբ լինելու եմ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու եմ վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը