Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը։ Այս մասին «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Կորոնոավիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են։ «Քանի որ բազան մեծանում է, հետևաբար թվերն էլ են մեծանում»,- նշեց նախարարը։
Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, վեց մահ։
«Ցավոք սրտի, ունենք օջախների բազմազանություն։ Այսինք, եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։ Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վարակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է»,– ասաց նա։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ վարակի տարածման մյուս «դժբախտ ուղղությունը» բժշկական կենտրոններն են։
«Մենք մեր բոլոր ուժերն այժմ կենտրոնացրել ենք բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը կանխելու, բժիշկների և այլ հիվանդություններով պացիենտներին պաշտպանելու համար»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ թվի աճը պայմանավորված է նաև ավելի մեծ շարժունակությամբ՝ ավելի մեծ շարժ փողոցներում՝ միջմարզային և ներքաղաքային, ավելի շատ բաց տնտեսվարողներ։
Նախարարի խոսքով՝ բոլոր 27 մեկուսացման վայրերում կա ոստիկանություն, 5–10 հոգանոց բժշկական անձնակազմ, հյուրանոցների մեծ մասը գտնվում են Ծաղկաձորում, մոտ տասը՝ Երևանում, և ավելի քիչ՝ Գյումրիում, Վանաձորում ու Տավուշի մարզում։
Թորոսյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ բժշկական կենտրոնների անձնակազմերը հետևել են իրենց ցուցումներին, եղել են դեպքեր, երբ այնքան էլ լավ չեն հետևել։ «Մենք ունենք երկու նմանատիպ դեպք՝ Մարալիկում և Վարդենիսում։ Մեր բոլոր բժիշկներին կոչ եմ անում յուրաքանչյուր պացիենտի վերաբերվել այնպես, ասես նա վարակված է կորանավիրուսով։ Մենք շրջիկ խումբ ենք կազմել, որը կայցելի բոլոր բժշկական կենտրոններ և ցույց կտա՝ ինչպես օգտագործել պաշտպանիչ միջոցները»,– ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը